Բարձրացվում է մարզային դպրոցների դիմակայունությունը


Բարձրացվում է մարզային դպրոցների դիմակայունությունը
Փետրվար 13 17:00 2018

Փետրվարի 12-ից 17-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ՀՀ ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:

Հիմնական նպատակներն են դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:

Ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունները կահավորվելու են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարահանման սխեմաներով, տարահանման համար նախատեսվող պայմանական նշաններով, իսկ դպրոցում առկա կահույքի պարագաները (պահարաններ, գրադարակներ և այլն) ամրացվելու են պատերին` երկրաշարժի ժամանակ խոցելիությունը նվազեցնելու նպատակով:

Նախատեսվում է նաև մշակել վերոնշյալ դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու և տարահանման պլաններ:

Համայնքների, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտման ու քարտեզագրման համար, աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրմանն աջակցող հրահանգիչների կարողությունների զարգացման նպատակով Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաև անօդաչու թռչող սարք: Այն հնարավորություն կտա իրականացնել անհրաժեշտ տարածքի իրական պատկերների տեսագրում և լուսանկարում՝ օպերատիվ իրավիճակի ուսումնասիրման, քարտեզագրման և վերլուծության համար: