Երեւանի ավագանին շարունակում է աշխատանքները. ՀՀԿ-ն ու «Ելք»-ը անընդունելի են համարում տեղի ունեցածը


Երեւանի ավագանին շարունակում է աշխատանքները. ՀՀԿ-ն ու «Ելք»-ը անընդունելի են համարում տեղի ունեցածը
Փետրվար 13 15:27 2018

Երևանի ավագանու այսօրվա նիստի սկզբում  տեղի ունեցած միջադեպը հարթվել է, եւ ավագանին այս պահին բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները:

Ելույթով հանդես եկավ ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչ Հասմիկ Սարգսյանը: Նա նշեց, թե զարմացած է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «սառնասրտությունից, թե ինչպես է տանում «Երկիր Ծիրանիի» անդամների ներկայությունը»: ՀՀԿ-ականն ընդգծեց` եթե ինքը լիներ քաղաքապետի փոխարեն, չգիտի` կկարողանար արդյոք շարունակել վարել նիստը: «Որպես քիմիկ` կարող եմ ասել, որ «Երկիր Ծիրանիի» բերած նյութը նաև H2S էր պարունակում, այլապես մենք այսքան վատ չէինք զգա մեզ: Ինչքան սատանայական ուժ է դրված ձեր մեջ: Հույս ունեմ, որ մենք սառնասրտորեն սատանայական ուժին մեր դրախտային կերպարով կկարողանանք դիմակայել», - ասաց Հասմիկ Սարգսյանը` հավելելով, որ «Երկիր Ծիրանիի» արածն ահաբեկչություն է երևանցու հանդեպ:

Նշենք, որ «Երկիր Ծիրանիի» անդամների իրականացրած ակցիան անընդունելի են համարում նաեւ Ելք խմբակցության ավագանիները: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Երկիր ծիրանի» խմբակցության բողոքի ձևը Երևանի ավագանու նիստում անընդունելի և անհասկանալի է համարում: «Ոչ մի բարի նպատակ ատելության մթնոլորտում չի կարող իրականացվել: Խնդիրները լուծելու այլ տարբերակներ կան: Իմ փորձով վստահեցնում եմ՝ խաղաղ կերպով խնդիրներն ավելի հեշտ են լուծում ստանում», - լրագրողների հետո զրույցում նշեց Անահիտ Բախշյանը:

Նա ասաց, որ իր պրակտիկայի ընթացքում բարի նպատակով բազմաթիվ խնդիրներ է բարձրացրել և հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարության ժամանակ լուծում են ստացել:

Armday.am