Վարդան Արամյանն առաջին անգամ ընդունել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին


Վարդան Արամյանն առաջին անգամ ընդունել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին
Փետրվար 12 14:50 2018

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 12-ին ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: «Երկու կառույցների միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի: Հուսով եմ այս այցը ավելի կընդլայնի ու կխորացնի մեր հետագա համագործակցությունը», -նշել է նախարար Վարդան Արամյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարցերին և այս ուղղությամբ աջակցությանը, որը կարող է տրամադրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միասնական հարթակի ապահովման, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բարեփոխումները Արցախում տեղայնացնելու հնարավորությունները: «Այս ոլորտում անելիքներն անսահման են, հատկապես որ ՀՀ ֆինանսների նախարարությունը անընդհատ բարեփոխումներ է իրականացնում բոլոր ուղղություններով: Մենք էլ փորձում ենք քայլ առաջ այդ ամենը ներդնել Արցախում», - նշել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: