Ի ՞նչ պայմաններ կառաջարկի Ծառուկյանը Արմեն Սարգսյանին․ «Ժամանակ»

Ի ՞նչ պայմաններ կառաջարկի Ծառուկյանը Արմեն Սարգսյանին․ «Ժամանակ»
Փետրվար 10 08:56 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այսօր արձագանքելով Արմեն Սարգսյանի նախագահական թեկնածության վերաբերյալ հարցին, պատասխանել է, թե կարծիք եւ դիրքորոշում կհայտնեն նրա հետ հանդիպումներից հետո: Ամենաուշագրավը Ծառուկյանի պատասխանում սակայն այն է, որ նա ակնարկել է Արմեն Սարգսյանի հետ առանձին հանդիպելու մասին: Խոսքը նաեւ խմբակցությունից առանձին հանդիպման մասին է:

«Ասել եմ՝ կհանդիպեմ առանձին եւ՛ Արմեն Սարգսյանի, եւ՛ իմ թիմակիցների հետ, բոլոր թիմակիցների տեսակետը, առաջարկը կլսեմ ու մենք մեր որոշումը կասենք, դուք կիմանաք»,- հայտարարել է Ծառուկյանը, ինչից կարելի է ենթադրել, որ բացի «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից, կլինի նաեւ Ծառուկյան-Արմեն Սարգսյան առանձին հանդիպում: Համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանը հայտնում է այդպիսի մտադրություն, իսկ գուցե նաեւ պայմա՞ն՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին:

Հետաքրքիր է, Սարգսյանն ինքը ունի՞ խմբակցությունից բացի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու ցանկություն: Արմեն Սարգսյանը այսօր հանդիպել է «Ելք» դաշինքին եւ մեկնել Արցախ: Հետաքրքիր է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպումը, կարծես թե, ձգվում է: Սարգսյանը արդեն հանդիպել է խորհրդարանի չորս խմբակցությունից երեքին, բացի «Ծառուկյան» դաշինքից: Արդյո՞ք դա նշանակում է, որ կան չպարզաբանված խնդիրներ այդ կապակցությամբ, թե՞ Սարգսյանի համար հենց ընդունելի չէ նաեւ առանձին Ծառուկյանի հետ հանդիպումը:

Իսկ ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն ինքը այդպիսի հանդիպում ակնկալում կամ պայման առաջադրում: Դա զուտ այսպես ասած կարգավիճակ ընդգծելո՞ւ հարց է, երբ, այսպես ասած, նախագահի թեկնածուի հատուկ հանդիպում կլինի Ծառուկյանի հետ, թե՞ ԲՀԿ առաջնորդը ունի Արմեն Սարգսյանի հետ առանձին ֆորմատով քննարկելու շատ կոնկրետ հարցեր, որոնք չի ցանկանում լղոզել խմբակցության ֆորմատում, կամ այդ ֆորմատում քննարկելը ինչ-ինչ այլ պատճառներով է դիտում աննպատակահարմար:

Այն, որ Ծառուկյանն անկասկած ունի հարցերի այդպիսի շրջանակ, կամ կարող է ունենալ, ոչ միայն զարմանալի կամ անսպասելի չէ, այլ միանգամայն տրամաբանական, եթե նկատի ունենանք այն, որ նա քաղաքականության մեջ խոշոր տնտեսական գործիչ է եւ, ըստ էության, հենց այդ գործոնն է նրան բերել քաղաքական պրոցեսներ, ու նկատի ունենալով այն, որ Արմեն Սարգսյանն էլ քաղաքական պրոցեսներ մտնում է իր զինանոցում կամ գործիքակազմում հիմնական գործիքներից մեկն ունենալով հենց կապիտալը, այն էլ միջազգային կապիտալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում