Վեդիում ՈՒԱԶ-ը վրաերթի է ենթարկել դպրոցից տուն վերադարձող 8-ամյա աղջկան


Վեդիում ՈՒԱԶ-ը վրաերթի է ենթարկել դպրոցից տուն վերադարձող 8-ամյա աղջկան
Փետրվար 9 13:47 2018

1in.am-ը գրում է․

«Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Ս.-ի գործի դատական քննությունը:

55-ամյա Արմեն Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 12-ին, ժամը 12-ին Արմեն Ս.-ն իր վարած «Կուբանեց ՈւՏԿ» մակնիշի մեքենայով ընթացել է Վեդի քաղաքի Արարատյան փողոցով:

Թիվ 3 մանկապարտեզի դիմացի ճանապարհահատվածում Արմեն Ս.-ն թույլ է տվել ՃԵԿ կանոնների պահանջներին հակասող գործողություններ: Ընթանալով 30-40 կմ/ժ արագությամբ՝ շուրջ 25,2 մետր հեռավորությունից նկատել է ճանապարհի ձախ կողմում գտնվող մայթից երթևեկելի մաս վազող տղայի, նչպես նաև մայթին գտնվող երեխաների: Մեքենան կանգնեցնելու հնարավորություն ունենալով՝ Արմեն Ս.-ն դա չի արել, շարունակել է երթևեկել նույն արագությամբ, միջոցներ չի ձեռնարկել մեքենայի ընթացքը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու ուղղությամբ այն հաշվով, որ տղայի հետևից վազքով ճանապարհի երթևեկելի մաս մուտք գործած 8-ամյա աղջիկը դուրս գա վտանգավոր գոտուց:

Արդյունքում Արմեն Ս.-ն իր մեքենայով վրաերթի է ենթարկել 8 տարեկան աղջնակին և նրա առողջությանը՝ աջ անրակոսկրի տեղաշարժով կոտրվածքի, արյունազեղումների ու քերծվածքների ձևով, անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Արմեն Ս.-ն դատարանում հայտնել է, որ դեպքի պահին կնոջ ու իր դստեր հետ իր մեքենայով տուն էր վերադառնում հողամասից:

Արարատյան փողոցում գտնվող մանկապարտեզին չհասած՝ աղջիկ երեխան անսպասելի կտրել է ճանապարհը:

Ինքը տեխնիկապես հնարավորություն չուներ մեքենան կանգնեցնելու: Այդ պահին մեքենան դիպել է երեխային, ու նա վայր է ընկել:

Ինքն անմիջապես կանգնեցրել է մեքենան, իջել է, երեխային նրա հորեղբոր հետ՝ վերջինիս մեքենայով, տարել է հիվանդանոց:

Ամբաստանյալը զղջացել է կատարվածի համար, հայտնել է, որ ամբողջությամբ հոգացել է հիվանդանոցային ծախսերը:

Տուժող երեխայի ցուցմունքով՝ 2017 թվականի ապրիլի 12-ին ինքը դպրոցից մենակ տուն էր վերադառնում: Մանկապարտեզի մոտ փողոցի մյուս մայթին նկատել է հորեղբորը, ով նստած էր ճամփեզրին կանգնած մեքենայի մեջ: Այդ ժամանակ իրեն հասակակից մի տղա վազելով անցել է փողոցը: Ինքը ցանկացել է մոտենալ հորեղբորը ու այդ անծանոթ տղայի հետևից վազելով ուզեցել է անցնել փողոցը: Բայց վրաերթի է ենթարկվել ու վայր է ընկել…

Դատարանը հաշվի է առել, որ տուժող կողմը ամբաստանյալից բողոք, պահանջ չի ունեցել: Ամբաստանյալը բնութագրվել է դրական, վթարից հետո դրսևորել է դրական վարքագիծ ու սրտացավ վերաբերմունք տուժողի նկատմամբ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում