ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել


ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել
Հունվար 31 18:12 2018

Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը եւ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը: Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Օրակարգի երկրորդ հարցի՝ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի մասին զեկուցել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Բաղրամյան 26-ից տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԱԽ անդամներին նախարար Հարությունյանը ներկայացրել է մշակված՝ սահմանադրական մարմինների՝ ներառյալ ԱԺ-ի, դատական իշխանության, կառավարության ձեւավորման եւ օրենսդրական կարգավորման գործընթացները:

Նիստում հավանություն է տրվել սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացից ձեռք բերված արդյունքներին եւ հանձնարարվել է կառավարությանը՝ սահմանված կարգով շարունակել դրանց իրականացումն ու ապահովել տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացը:

Տրամաբանական ավարտն այսպես ասած լինելու է կառուցվածքային լուրջ փոփոխությունները։ Ինչպես հայտնի է, խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու պարագայում լուրջ կադրային վերադասավորումներ ու փոփոխություններ են սպասվում։ Արդեն մշակվել է օրենսդրական նախագիծ, որով կառավարությանն առընթեր մարմիններ այլեւս չեն լինելու։ Armday.am-ի ունեցած տեղեկություններով իշխանական կուլիսներում կառավարման մոդելի փոփոխությունը միանգամայն չի ընդունվել, առաջացնելով ՀՀԿ-ի հնաբնակներից շատերի դժգոհությունը։

Մասնավորապես ՀՀԿ հնաբնակ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն է, շատ կարճ ժամանակ անց ստիպված է լինելու հրաժեշտ տալ պաշտոնին, կամ վերամիավորվել այս կամ այն նախարարությանն, ու բավարարվել շարքային բաժնի պետի պաշտոնով։ Նույն ճակատագիրը սպասվում է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին։ ՀՀԿ-ի հնաբնակներից ոմանք նշում են, թե այս որոշումներն առաջացրել է նրանց դժգոհությունը, սակայն դժգոհողներին ի պատասխան ցույց է տրվել Սերժ Սարգսյանի դռան ճանապարհը։ «Ոչ, ոք էլ չի ցանկանում յուղոտ պաշտոնից զրկվել եւ նստել շարքային բաժնի պետի աթոռին»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը։

Սա ենթադրում է, որ խորհրդարանական երկրում կլինեն բազմաթիվ չինովնիկներ, ովքեր չհարմարվելով իրենց կուսակցության ղեկավարի նախանշած խաղի կանոններին ստիպված են լինելու հավաքել ճամպրուկները։

Ի վերջո Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ տարիներ շարունակ երկրում տիրող անօրինականությունների պատճառով իրենց դժգոհությունն արտահայտել են «ոտքերով», այն է՝ բռնել են արտագաղթի ճանապարհը։

Հիմա, այդ ուղտը չոքել է նաեւ շատ ու շատ ՀՀԿ-ականների դռներ։

Armday.am