Ստեղծագործ ֆեմինիստը․ Թամար Կապրելյանի կյանքը մեկ օրում

Ստեղծագործ ֆեմինիստը․ Թամար Կապրելյանի կյանքը մեկ օրում
Հունվար 10 04:27 2018

31-ամյա Թամար Կապրելյանը ծնունդով ԱՄՆ-ի Արիզոնա նահանգից է, արմատներով՝ հայ։ Հանրությունը Հայաստանում Թամարին ճանաչեց 2015 թվականին, երբ երգչուհին որպես «Genealogy» խմբի անդամ մասնակցում էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ Սակայն, Թամար Կապրելյանը նախքան մրցույթը Միացյալ նահանգներում արդեն հասցրել էր թողարկել ալբոմներ և ունենալ զգալի ձեռքբերումներ։ Նա վստահ է,- «Կանայք ուժեղ են։ Այդ փաստն անգամ չի քննարկվում»։ Armday.am-ը խոսել է Թամարի հետ, այն ամենի մասին, ինչը հեղինակ-ստեղծագործողը չի մեկնաբանել շատ հարցազրույցներում։

Թամա՛ր, Հայաստանում քեզ շատերը ճանաչեցին Genealogy խմբի միջոցով։ Վստահ եմ, ինքդ Հայաստանը նախքան այդ խմբի ձևավորվելը ճանաչել, այցելել ես։ Այդպե՞ս է։

Անշուշտ։ 2014-ի ամռանը մեծ մամայիս, մամայիս և զարմիկիս հետ միասին առաջին անգամ Հայաստան այցելեցի՝ Հայաստանի գեղեցկությունը տեսնելու նպատակով։ Ընդամենը 10 օրով էինք եկել, բայց երբ քո հայրենիքում ես զգացողություններդ տարբեր են։ 2015-ին կրկին հայրենիք վերադարձա՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար։ Երկու-երեք ամիս մնացի Հայաստանում և սկսեցի ծանոթանալ ու շփվել տեղացի տաղանդավոր երեխաների հետ։ Գիտես, երբ երկար ժամանակ մնում ես քո հայրենիքում, սկսում ես շփվել տեղացիների հետ, կարողանում ես խորությամբ հասկանալ տեղի մշակույթը։ Երբ ուղղակի մի քանի օր ես այցելում, չես կարող նկատել այդ մանրուքները։ Շփվելով, հասկացա, որ մենք իսկապես շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, ցանկացա անպայման Հայաստան գալ և բարեգործական գործունեություն ծավալել։ Ահա հենց այդպես սկսվեց «Նվակ»-ի հետ իմ համագործակցությունը։

Հենց այդպես, հեշտությամբ կարողացա՞ր հրաժարվել Միացյալ Նահանգներում քո կարիերայից։

Ոչ, ես չեմ հրաժարվել։ Հակառակը ես փորձում եմ համատեղել, բայց իմ նպատակն այսուհետ ԱՄՆ-ում գումար վաստակելն ու այդ գումարն այստեղ՝ Հայաստանում ներդնելն է․ տաղանդավոր մարդկանց համար հնարավորություններ եմ ուզում ստեղծել։

Հնարավորություններն իսկապես կարևոր է հաջողության հասնելու համար։ Թամա՛ր, երաժշտական կարիերան սկսելիս ինչպիսի՞ հնարավորություններ են բացվել քո առջև։

Գիտես երաժշտության, ժամանցի բիզնեսը շատ դժվար ոլորտ է։ Միացյալ նահանգներում տղամարդիկ այս բիզնեսում ավելի շատ են, քան՝ կանայք։ Եվ ես կարծում եմ, որ դա ամենակարևոր դժվարությունն էր, որին ես բախվել եմ։ Ցավոք, ես պրոֆեսիոնալ կին առաջնորդներ չեմ ունեցել՝ այդ բիզնեսում հայտնվելու ճանապարհիս սկզբին։ Ես իմ ճանապարհի սկզբին և ընթացքում հանդիպել եմ բացառապես տղամարդկանց։ Դա իմ միակ խնդիրն էր, նրանք փորձում էին ինձ ղեկավարել։

Բայց կարծիք կա, որ կանայք ԱՄՆ-ում ավելի շատ իրավունքներ, հնարավորություններ ունեն, քան՝ տղամարդիկ։

Այո նման բան կա, բայց ամեն տեղ չէ, որ ասվածն իրականություն է։ Հատկապես ժամանցի ոլորտում կանանց և տղամարդկանց միջև խոր անդունդը դեռ կա։ Բոլորովին վերջերս, հենց Միացյալ Նահանգներում կանայք բարձրաձայնում էին տղամարդկանց կողմից իրականացվող տարաբնույթ, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների մասին։ Եվ այդ ամենն իսկապես տեղի է ունենում։

Իսկ ինչպե՞ս ես փորձել պայքարել «խոչընդոտ» դարձած տղամարդկանց դեմ։

Ալինա՛, սա հիանալի հարց է։ Կարող եմ պնդել, իհարկե, կրթության միջոցով։ Փորձառությունն ևս շատ կարևոր է, երբ հասկանում ես, որ մարդկանց հեշտությամբ չպետք է հավատաս։ Գիտեմ վատ է հնչում, բայց դա իսկապես ճիշտ է։ Շատ մարդիկ ցանկանում են քո փոխարեն լինել, նրանք քեզ թերագնահատում են։ Եվ պատճառներից մեկը, որ ես ներգրավվել եմ «Նվակ»-ի գործընթացին՝ աղջիկների կողքին լինելն ու նրանց աջակցելն է։

Փաստորեն դու ֆեմինի՞ստ ես։

Գիտես, ես հանրայնորեն ինձ որպես ֆեմինիստ չեմ ներկայացրել, բայց կարծում եմ, այո՛ ես ֆեմինիստ եմ։ Կանայք հիանալի են, մենք կարող ենք անել բացառապես ամեն ինչ։ Օրինակ կնոջը, եթե հանձնարարեն մի քանի գործ միաժամանակ անել, իսկ տղամարդուն ընդամենը մեկ գործ, երկուսն էլ այն կավարտեն միևնույն ժամանակ։ «Նվակ»-ում ես տեսնում եմ այդ ներուժը։ Այնտեղ շատ խելացի, նպատակասլաց, հիանալի 14-ից 25 տարեկան աղջիկներ կան։ Առհասարակ «Նվակ»-ում մեծամասնությունն աղջիկներ են և դա հիանալի է։

Կարելի է ասել, «Նվակ»-ի հիմնադրումը քո՝ հայրենիքի հետ կապը պաhպանելու «միջո՞ց» է։

Հարյուր տոկոսով այդպես է։ Միանշանակ։ Իմ նպատակն է օգնել այս երկրի տաղանդավոր երիտասարդներին, մասնավորապես՝ աղջիկներին նրանց երազանքներն իրականություն դարձնելու համար։ Այստեղ [Հայաստանում] մենք ունենք մեծ ներուժ, բայց արտահայտվելու հնարավորությունները նրանց համար անհամեմատ քիչ են։

Իսկապես կարևոր հարց շոշափեցիր։ Հետաքրքիր է, առհասարակ հայաստանյան շոուբիզնեսը որպես ոլորտի փորձառու մասնագետ ինչպե՞ս կգնահատես։

Կարծում եմ երաժշտության և երգի բառերի հետ կապված խնդիր կա տեղական շոուբիզնեսում։ Դժբախտաբար, տեղի հայտնիներից շատերը հայտնի են շնորհիվ իրենց կապերի։ Այստեղ նույնը չէ, ինչ Եվրոպայում և Միացյալ նահանգներում է։ Այնտեղ պետք է շատ տաժանակիր աշխատես և այդ աշխատանքիդ շնորհիվ հասնես հաջողության։ Սա է տարբերությունը։ Ես չեմ կարծում, որ այստեղ ամենատաղանդավոր երաժիշտներն իսկապես հայտնի են։ «Նվակ»-ում ես ունեմ հինգ, վեց աշակերտ, ում հետ ես աշխատում եմ և նրանք հարյուր անգամ ավելի տաղանդավոր են, քան տեղի շատ հայտնի արտիստներ։ Ինչո՞ւ նրանք չունեն այդ հնարավորությունը լինել հայտնի այստեղ, իրենց երկրում։ Սա ինձ շատ է տանջում։

Թամա՛ր, հիմնական ուշադրությունդ կենտրոնացրել ես «Նվակ»-ի վրա։ Իսկ որպես արտիստ հիմա ի՞նչ փուլում ես։ Գիտեմ, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում ես ընդգրկված։

Որպես արտիստ ես շարունակում եմ փնտրել ոգեշնչման նոր աղբյուրներ և ստեղծագործել։ Եվ դա է պատճառը, որ ես մասնակցում եմ այդ նախագծին։ Ես ցանկանում եմ շարունակել ներկայանալ նաև որպես ստեղծագործող։ Այն, ինչ ես պատրաստվում եմ ներկայացնել այդ նախագծի շրջանակում տարբերվում է նախկինում իմ կատարած ստեղծագործություններից։ Այն լինելու է իմ նոր արտիստիկ դեմքը։ Երգը, որը հանձնելու եմ հանրության դատին հայերենի և անգլերենի միքս է, որն ըստ իս, հիանալի է և ժամանակակից միտումներին համապատասխան։ Այն հիանալի համապատասխանում է «Եվրատեսիլ»-ի ձևաչափին։ Երգը ստեղծվել է Սեպուհ Սիմոնեանի, Դերհովայի և «Նվակ»-ի կողմից։ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու հիմնական պատճառն էլ ցույց տալ, թե որքան տաղանդավոր մարդիկ կան Հայաստանում։ «Եվրատեսիլ»-ը կարող է լինել այդ հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ցույց տալ աշխարհին, թե Հայաստանում ինչ տեսակի տաղանդներ կան։

Թամար որքանո՞վ ես համոզված, որ մեր երկրում և այդ նախագծում առհասարակ կգնահատվի երգի կոնցեպտը։

Մրցույթին մասնակցում են մի քանի արտիստներ, ովքեր Հայաստանում ավելի հայտնի են, քան՝ ես։ Սա երգի մրցույթ է, այլ ոչ թե մրցույթ, թե որքան ճանաչված է արտիստը։ Իսկ իմ կողմից ներկայացվող ստեղծագործությունն անբացատրելի ուժեղ է։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ձևաչափը հենց դա է [երգի մրցույթ է]։ Ես հուսով եմ, որ հենց դա է այդ նախագծի ձևաչափը [Ժպտում է, հեղ․]։ Հնարավոր հաջողություն ունենալու մյուս պատճառն այն է, որ մեր երգը գրված է երիտասարդ մարդկանց կողմից։ Կարծում եմ մյուս մասնակիցների երգերը չեն գրվել երիտասարդ հեղինակների կողմից։ Ինչ վերաբերում է ներկայացնելուն, ապա պետք է շատ «թույն» շոու լինի։ Ես պարելու եմ, ներառելու ենք հայկական պարի էթնիկ տարրեր, ժամանակակից շարժումներ։ Կարծում եմ, համարս իսկապես տարբերվելու է այն ամենից, ինչ նախկինում արել են այս նախագծի մասնակիցները։ Բացառապես այլ տեսք եմ ունենալու, ոչ այնպիսին, ինչպիսին հիմա ես ինձ տեսնում։ Լինելու է իսկական շոու։

Տեսնելով քո ոգևորվածությունն՝ ակամայից ցանկացա հարցնել Genealogy խմբի եվրատեսիլյան «ձախողումը» քեզ հետ չի՞ պահում։ Պատրա՞ստ ես կրկին վերադառնալ եվրատեսիլյան բեմ։

Անշուշտ պատրաստ եմ։ «Եվրատեսիլ»-ը հատուկ ձևաչափ ունի և երգերը պետք է համապատասխանեն ձևաչափին։ Կարծում եմ մեր խմբի երգը մի փոքր չէր համապատասխանում մրցույթի ձևաչափին։ Մարդիկ չեն ցանկանում ճնշվել Ցեղասպանության մասին երգերով։ Մեզ համար անշուշտ շատ կարևոր տարի էր, Ցեղասպանության 100-ամյակ, և մենք այդ տեսակ երգի կարիք ունեինք, բայց այն, իսկապես չէր համապատասխանում մրցույթի ձևաչափին։ Դա այն չէր, ինչ մարդիկ ուզում էին լսել։ Մարդիկ ուզում են էներգիայով լցված երգ լսել, որոշ դրական էմոցիաներ ապրել։ Կարծում եմ դա էր պատճառը, որ մենք այդ տարի ձախողեցինք։

Ձախողումներից մինչև վերելքներ․․․ Այդ ճանապարհին քո կյանքում վստահաբար արձանագրվել է կյանքիդ ամենակարևոր հանդիպումը։ Ո՞վ է նա։

Հետաքրքիր է, բայց ես երբեք չեմ մտածել այդ մասին։ Հավանաբար Սերժ Թանկյանի հետ հանդիպումը։ Ինչո՞ւ հենց նրա հետ հանդիպումը, քանի որ ես երբեք իմ կյանքում չէի կարող մտածել, որ մենք մի օր կլինենք շատ մոտ ընկերներ։ Չէի պատերացնում, որ նա այդքան պարզ, հիանալի մարդ է և ինձ համար իրոք զարմանալի է, քանի որ ես խոսում եմ երաժշտական բիզնեսում գործունեություն ծավալող տղամարդու մասին։ Նա ինձ համար շատ դռներ բացեց Հայաստանում։ Ես անգամ չէի կարողանա սկսել «Նվակ»-ը, եթե չլիներ Սերժի օգնությունը։

Կյանքիդ ամենակարևոր հանդիպումը Սերժ Թանկյանի հետ էր։ Իսկ ո՞ւմ ես շնորհակալ, կրկի՞ն Սերժին, թե ․․․

Իրականում շատ երկար ցուցակ կա և շատ դժվար է առանձնացնել որևէ մեկին։ Հավանաբար մեծ հայրիկիս՝ մամայիս հորն եմ շնորհակալ։ 11 տարի առաջ նա մահացավ։ Հենց նա էր պատճառը, որ ես ցանկացա Հայաստանում բարեգործությամբ զբաղվել։ Մեծ հայրս Հայաստանը սիրում էր այս աշխարհում ամենից շատ։ Եվ այդ սերը նա փոխանցել է մեզ։

Թամար՛, նախքան վերջին հարցս ուղղելը, կուզենամ ասես, թե քո երեք ալբոմներից ո՞ր մեկում է «թաքնված» այն երգը, որը կարող է օգնել բոլորովին անծանոթ մարդուն ճանաչել իրական Թամար Կապրելյանին։

Իրականում դժվար հարց է, բայց կարծում եմ կա մի երգ, որը ես հատկապես առանձնացնում եմ «Raining in paradise» երգս է՝ առաջին ալբոմից։

Եվ վերադառնանք խոստացածս վերջին հարցին։ Հետաքրքիր է, թե երկխոսության դեպքում Թամար Կապրելյանը ի՞նչ հարց կտար Թամար Կապրելյանին և ինչպիսի՞ պատասխան կտար իր կողմից հնչեցրած հարցին Թամար Կապրելյանը։

Ալինա՛, անկեղծ պետք է խոստովանեմ, սա այն լավագույն հարցն է, որն ինձ երբևէ տրվել է իմ հարցարզրույցների ժամանակ։

Շնորհակալություն, Թամա՛ր։

Գուցե ո՞րն էր կյանքի ամենամեծ դասը, որն ինձ կրթել է։ Եվ պատասխանը կլինի հետևյալը։ Դու չպետք է մտածես, որ մարդիկ քեզ երջանիկ դարձնելու համար պատրաստ են լավ բաներ անել։ Եթե դու ուզում ես ինչ-որ բան, դու ինքդ պետք է դա անես։ Եվ շատ հաճախ դա կարող է քեզանից շա՜տ երկար ժամանակ պահանջել։

Հարցազրույցը՝ Ալինա Նահապետյանի

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի