Ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի դեմ հետաձգված գործերն ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել «Հրապարակ»

Ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի դեմ հետաձգված գործերն ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել «Հրապարակ»
Դեկտեմբեր 13 08:26 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Եվրադատարանում դեռեւս 2015-ից հետաձգված 2 գործ կա․ մեկը՝ Ադրբեջանի դեմ, մյուսը՝ Հայաստանի։ Երկուսն էլ փախստականների դիմումների համաձայն, որտեղ նրանք վիճարկում են այն արգելքը, որն իրենց խոչընդոտում է վերադառնալ հայրենի տուն եւ տնօրինել իրենց սեփականությունը։ Դեռեւս 2015-ին ՄԻԵԴ-ը վճռել էր ժամանակ տալ կողմերին՝ հաշտության գալու եւ փոխհատուցման չափը որոշելու։ Թվում էր՝ քաղաքական նկատառումներով հետաձգված դատաքննությունները չէին վերսկսվի մինչեւ ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը եւ փախստականների հարցի գլոբալ լուծումը։ Բայց ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել եւ ավարտել գործի քննությունը։ Դրան թերեւս նպաստեցին վերջին շրջանում Ադրբեջանի բարդ հարաբերությունները Եվրախորհրդի հետ, որի կառույցներից մեկն է ՄԻԵԴ-ը։ Երեկ տեղեկացանք, որ վճիռը կայացվել է, եւ ՄԻԵԴ-ը, պահպանելով հավասարակշռությունը, երկու գանգատներն էլ բավարարել է․ ե՛ւ Լաչինի նախկին բնակիչ ադրբեջանցիներինը, ե՛ւ հայինը։ Այսինքն՝ կրկին քաղաքական որոշում է կայացվել։ Թեեւ պետք է նկատել, որ նյութական մասով որոշումները համարժեք չեն, քանի որ ադրբեջանցի հայցվորները վեցն են, իսկ հայ դիմումատուն մեկն է եւ արդեն մահացել է։ Վճռի եզրափակիչ մասում գրված նախադասությունն ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ ՄԻԵԴ-ը երեկ քաղաքական վճիռ է կայացրել․ շեշտել է, որ երկու պետությունները պարտավորություն ունեն գտնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Բայց այս որոշումներն իրենց մեջ այլ, ավելի կարեւոր վտանգ են պարունակում։ Սրանք սպառնում են դառնալ նախադեպային եւ նորանոր գանգատներ հրահրել։ Քարոզչական հարցերում ճարպիկ ադրբեջանցի իրավաբանները, անշուշտ, կօգտվեն այս հնարավորությունից եւ բողոքներով կհեղեղեն ՄԻԵԴ-ը»:

Առավել մանրամասն ` թերթի այսօրվա համարում: