Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում


Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում
Դեկտեմբեր 12 16:20 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի արդյունավետության բարձրացման հարցը, ընդգծվել է դրանց շարունակակակության ապահովման կարևորությունը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս: Առաջին հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից:

Ծրագրի նպատակն է ձևավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման և բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար: Մասնավորապես, կիրականացվեն «Գյուղատնտեսության հետ կապված դպրոցական սնունդ և սնուցում» և «Պարենի համակարգերի ուժեղացում սոցիալական պաշտպանության սնուցման բաղադրիչի բարելավման նպատակով» ծրագրեր:

Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:

«Դպրոցների սնունդը բարելավելու և թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն, որոնք կառավարման կհանձնվեն հենց նույն դպրոցներին, և այդ ջերմոցներում արտադրված բանջարեղենը կուղղվի դպրոցականների սննդին: Ծրագիրը կլինի փորձնական, նախատեսված են տարբեր չափերի ջերմոցներ, որպեսզի հասկանանք դրանց արդյունավետությունը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը և հավելել, որ լավագույն մոդելը հետագայում կներդրվի նաև այլ դպրոցներում:

Ռայմունդ Յելեն իր հերթին վստահություն է հայտնել, որ ծրագրի շրջանակում ջերմոցների կառուցումը կնպաստի նաև առողջ սննդի և առողջ սննդակարգի վերաբերյալ դպրոցականների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Ծրագրի բարեհաջող ընթացքի ապահովման համար Ռայմունդ Յելեն կարևորել է նաև շահառու կողմերի ճիշտ ընտրությունը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը նշել է, որ Ռուսաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների հետ համագործակցության ընդլայնումը:

«Հուսով ենք, որ այսօր ստորագրված նոր նախագիծը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության բարելավմանը», - նշել է Անդրեյ Իվանովը:

Ստորագրված երկրորդ հուշագիրը վերաբերում է համագործակցությանը «Համակցված ուղղության կենդանիների ցեղատեսակների պահպանում և զարգացում Արևելյան Եվրոպայի երկրներում» եռամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է նաև Վրաստանում և Ուկրաինայում: Տարածաշրջանային ծրագրի նպատակն է նախապատրաստել ընտրված համակցված ցեղերի գենետիկական ռեսուրսի պահպանման և օգտագործման հայեցակարգ: Անդրադառնալով ծրագրի հիմնական դրույթներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում անասնապահության գենետիկ զարգացումը հատկապես կովկասյան գորշ տեսակի առումով հետընթաց է ապրել, մինչդեռ այն ժամանակին համարվել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին ամենահարմարեցված ցեղատեսակը:

«Այնուամենայնիվ գիտնականները համոզված են, որ այն ունի վերականգնվելու մեծ ներուժ և տվյալ ծրագրերի շրջանակներում մասնագետները կընտրեն Հայաստանում կովկասյան գորշի լավագույն կենդանիները, կվերլուծվեն նրանց սնուցման կարգը, հնարավոր արդյունավետությունը, և այս ծրագրի արդյունքում մենք կունենանք Հայաստանում կովկասյան գորշի զարգացման հայեցակարգ, կհիմնվի տոհմային տնտեսություն, որը կզբաղվի հենց այդ ցեղատեսակի զարգացմամբ և պահպանմամբ», - շեշտել է Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ուղևորվել են Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնք, որտեղ մասնակցել են ջրային ռեսուրսներ խնայող նոր եղանակների կիրառմամբ մոդելային ձկնաբուծարանի բացմանը: Ձկնաբուծարանի նոր համակարգը հիմնվել է ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ձկնարտադրության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործում» ծրագրի շրջանակում, այն մասնավոր և պետական ոլորտների համագործակցության արդյունք է։ Ծրագրի նպատակն է նվազեցնել Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի գերօգտագործումը, ինչը Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվում է որպես առաջնահերթ խնդիր։ Ձկնաբուծարանը ներկայումս կարող է խնայել և վերօգտագործել ջրի 70 %-ը: