«Հիմա մեր հարձակման հերթն է` դե լափեք կարտոֆիլը և որոճացեք». «Երկիր Ծիրանի»


«Հիմա մեր հարձակման հերթն է` դե լափեք կարտոֆիլը և որոճացեք». «Երկիր Ծիրանի»
Դեկտեմբեր 12 15:30 2017

Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի Հանրապետությունում աղքատ է շուրջ 890 000 մարդ (29,8%), իսկ շուրջ 60 000 մարդ գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ։ Յուրաքանչյուր 3 երեխայից մեկն աղքատ է։ Իհարկե ոչ պաշտոնական տվյալներն ավելի սահմռկեցուցիչ են։ Համաձայն պաշտոնական վիճակագրության 2017 թվականի տարեսկզբին Հայաստանում ապրում էր 2 986 151 մարդ։ «Երկիր Ծիրանի» կուսակցության 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիսների այցերը շրջաններ վկայեցին այլ ահազանգող վիճակագրության մասին` մարզերի քաղաքներն ու գյուղեր գրեթե անմարդաբնակ էին:

Մարզային այցելությունները ակնհայտ ի ցույց էին դնում մեր հայրենակիցների թշվառ, անապահով վիճակը: Առանց փաստաթղթերի ուսումնասիրության կարելի է փաստել, որ բնակչության մի հսկա մասը դժվարությամբ է պահպանում իր գոյությունը։

Աղքատության դիմագիծը ուղղակի աչք է զարնում . մարդկանց աչքերում սով, դառնություն, հուսալքություն … կորացած ուսեր, որոնք ավելի արտահայտիչ են դարձնում ոսկրոտ մարմինն ու ցցված ողնաշարը…«անբուժելի» հիվանդություններ, խոնավ ու ցուրտ կացարաններ, կրթության անհասանելիություն։ Այս պատկերը ակամայից հիշեցնում է Հայոց Մեծ Եղեռնի տարիներին գաղթի ճամփան բռնած հայերին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին։

1915 թ–ին Օսմանյան Թուրքիան էր ոչնչացնում հայերին՝ ստիպելով նրանց մի մասին բռնել արտագաղթի ճանապարհը։ Այսօր նույնը կրկնում են հայի անուն ազգանունով բռնազավթիչները։ Հազարամյակներ դիմագրավված մի ողջ ազգի, որը վերապրել է ցեղասպանություն և բեկում մտցրել Արցախյան ճակատում, դավադիր հանցավորության հետևանքով կրկին մատնել են սովի և ցույց են տալիս գաղթի ճամփան։ Աղքատությունը հաղթահարելու համար հայ ազգի տարբեր հատվածներ իրենց անձնական հմտությունների շնորհիվ դիմակայում են աղետին։ Աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերը հսկայական գումարներ են փոխանցում Հայաստան։ Հետեւաբար՝ Հայստանը գումար ունի: Իհարկե կան գումարներ, սակայն չկա պատշաճ կառավարում` գումարները և ազգային կարողությունները յուրացվում են և դրա հետ մեկտեղ կա լուրջ խթան բռնազավթիչների համար՝ աղքատությունն օգտագործելու որպես գործոն, որպեսզի հնարավորինս կառավարելի և հնազանդ պահի իշխվող հանրությանը՝ բռնազավթումը պահելու և վերարտադրվելու համար:

Հայաստանում ապրող ժողովրդին աղքատության մեջ պահելը և նրանց գաղթի ճանապարհ ցույց տալը հատուկ և հստակ իրականցվող քաղաքականություն է: ՀՀԿ անդամ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը տարիներ առաջ հրապարակավ խոստովանել էր. «բա ինչ անենք թողնենք մնան, որ հեղափոխություն անեն»:

Ցանկացած բանական մարդ չի կարող աչք փակել իր հայրենիքը դեպի թշվառություն ու կործանում տանող այս հանցավոր քաղաքականության վրա։


Մարդ չի ծնվում բարի կամ չար, տգետ կամ գիտուն, մեծահոգի կամ ստահակ։ Մարդուն բնորոշ է իր տեսակը պաշտպանելու ու պահպանելու բնազդը։ Մեր ժողովրդի մեծ մասի մեջ կենդանի է մարդկության բարձրագույն հատկանիշներից մեկը՝ դիմացինին կարեկցելու ու օգնելու հատկանիշը։

Այդ ինչպե՞ս մարդ պետք է ապրած լինի, որ վերևից նայի իր ազգակցին։ Այդ ինչպե՞ս պետք է մանկության տարիներին ստորացրած ու ճնշած լինեն նրան, որ չկարեկցի իր նմանին։ Այդ ինչքա՞ն կույր ու խուլ պետք է լինի նա՝ իրականությունը չտեսնելու ու չլսելու համար։

Այսօր ապրում ենք մի իրականությունում, երբ բռնազավթիչների կողմից ստեղծված աղքատությունը ոչ միայն օգտագործվում է բռնազավթումը պահելու և վերարտադրվելու համար, այլ դեռ ավելին՝ աղքատներին հրապարակավ եւ ցինակաբար ծաղրելու նպատակով:

Ծաղրողները կորցրել են բանականությունը, նրանց մի մասը գիշատիչ գազանի նման հարձակվում է մարդկանց վրա, բռնության կամ մեկուսացման միջոցով փորձում լռեցնել նրանց։ Մյուս մասը ժողովրդին հարստահարելուց լկտիացել և բթացել է` կորցրել բանականությունը դառնալով անասուն, այս գազանները և անասունները Հայաստանը դիտարկում են որպես ջունգլի կամ արոտավայր:

Դե ինչ, շիրխան և շակալներ, բութ արարածներ, ծաղրում ե՞ք մեր հինավուրց հայ ազգը, ոտնահարում ե՞ք բոլոր օրենքները, մեր աղջիկներին փորձարկումների միջոցով ցանկանում եք զրկել մեր ազգի գեներից։ Մենք պատրաստ ենք դիմակայել և հաղթել ջունգլիների օրենքով:

Հիմա մեր հարձակման հերթն է` դե լափեք կարտոֆիլը և որոճացեք:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն