Ելք-ը եւ «Ծառուկյան» դաշինքը վարչապետի մեկ միասական թեկնածուով հանդես չեն գալու


Ելք-ը եւ «Ծառուկյան» դաշինքը վարչապետի մեկ միասական թեկնածուով հանդես չեն գալու
Դեկտեմբեր 12 15:02 2017

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ իրենց խմբակցության եւ Ելք-ի միջեւ քննարկումներ են ընթանում՝ վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշեց. «Նմանատիպ որեւէ բանակցություն եւ գործընթաց չկա: Առիթ եղել է ասելու, որ ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա, երբ որ կլինեն քննարկումներ, երբ որ կլինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, ապա մենք անպայմանորեն լրատվամիջոցներին եւ հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Իվետա Տոնոյանը: Նույն կերպ նա պատասխանեց նաեւ այն հարցին, թե հնարավոր է կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության քննադատությանը, ապա Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, այլ բխել են հասարակությանը հուզող խնդիրներին:

Իվետա Տոնայանը նշեց, որ իրենք ունեն իրենց քաղաքական օրակարգը եւ առաջնորդվում են միայն իրենց օրակարգով: Հնարավոր է ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի որպես վարչապետի թեկնածու, Տոնոյանը նկատեց, որ ինքը հնարավոր է, միգուցե ձեւակերպումներով հարցերին չի պատասխանում, եւ բացի այդ նշեց, որ վարչապետի հարց իրենց օրակարգում չկա: