Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ
Դեկտեմբեր 12 14:52 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Ռումինիայի միջև նկատելիորեն բարձրացել է քաղաքական հարցերի շուրջ փոխըմբռնման մակարդակը, ինչը, նրա համոզմամբ, կարևոր է հարաբերությունների հետագա խորացման ու ամրապնդման տեսանկյունից։ Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ռումին ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Դեսպան Վասիլեն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը, նշելով, որ այդ ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, ավելի մեծ փորձառություն և գիտելիքներ հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Ռումինիայի դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է շատ լավ տպավորություններով և կշարունակի մնալ հայ ժողովրդի ու Հայաստանի բարեկամը: