ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 9-ին անցկացրել է 2017թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
Նախարարը կարեւորել է 2016 թվականի ընթացքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, միաժամանակ նշելով, որ կա անհրաժեշտություն վերանայել անցած ճանապարհը եւ արմատական փոփոխություններ կատարել մոտեցումների մեջ:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից տրված վերջին հանձնարարականներին՝ նախարարը առաջին հերթին ընդգծել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործառույթների վերակազմակերպման խնդիրը, մասնավորապես, որ պետք է տարանջատվի դիմում ընդունելու եւ որոշում կայացնելու գործառույթը, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացիների հետ շփումները: «Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում գործող ձեւաչափով այլեւս որոշումներ չեն կայացվելու»,- նշել է Արտեմ Ասատրյանը:
Համակարգում այս եւ այլ կարեւոր փոփոխությունների հետ կապված տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:
Հաջորդ ուղղությունը վերաբերում էր նպաստների ծրագրերի արդյունավետության եւ հասցեականության բարձրացմանը, առաջին հերթին՝ անապահովության գնահատման համակարգի մասով:
«Ամեն գնով» 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու համար իրականացվել են անապահովության գնահատման մոտեցումների եւ մեթոդաբանության արմատական վերանայման աշխատանքներ, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը: Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն ընտանիքի առաջնային կարիքները հոգալու համար ճիշտ համակարգ ձեւավորելու ուղղությամբ»,-ասել է նախարարը:
Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում, նախարարի խոսքով պետք է ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարվի՝ սահմանափակ ռեսուրսով ավելի շատ շահառուների ներգրավումն ու սպասարկումն ապահովելու համար, իսկ զբաղվածության որոշ ծրագրերի պատվիրակումը պետք է իրականացվի առավել մասնագիտացած կառույցներին:
Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝ նախարարը դեռեւս չլուծված խնդիր է համարել աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը եւ նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման եւ բացառման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաեւ ժամանակավոր անաշխատունակության, մայրության եւ մինչեւ 2 տարեկան երեխային խնամքի նպաստների ընթացակարգերի հետ կապված խնդիրների լուծմանը:
Խորհրդակցության ավարտին նշված բոլոր ուղղությունների հետ կապված նախարար Արտեմ Ասատրյանը հստակ հանձնարարականներ է տվել եւ յուրաքանչյուր ուղղության համար նշանակել պատասխանատուներ: