Մշակույթի համաշխարհային գործիչները կոչ են արել ազատ արձակել ծագումով թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին, հայտնում է «Իզվեստիան»:
Գերմանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 10-ին կլրանա Յուջելին խիստ ռեժիմի բանտում կալանավորելու 300 օրը: Նախաձեռնող խմբի անդամներն արդար դատ են պահանջում և ազատություն Յուջելի և Թուրքիայում ձերբակալված մյուս լրագրողների համար:
Պահանջին աջակցողների թվում են՝ U2 ռոք-խմբի մենակատար Բոնոն, երգիչ Սթինգը, գրականության Նոբելյան մրցանակակիրներ Օրհան Փամուքը և Սվետլանա Ալեքսիևիչը, կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը և արվեստի այլ գործիչներ:
Լրագրողին ազատ արձակել պահանջել է նաև Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, իսկ փետրվարի 27-ին՝ կալանավորվել: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Լրագրողը հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները: