«Այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է․ ԱԳ նախարար


«Այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է․ ԱԳ նախարար
Դեկտեմբեր 9 14:50 2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ.

Այսօր, նշելով Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է, որը հարգվում և պահպանվում է բոլորի կողմից:

Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին: 2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեր ջանքերով դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր»:

2015 թվականից ի վեր դեկտեմբերի 9-ը մարդկության դեմ հանցագործությունների կրկնության դեմ համատեղ պայքարի կարևոր հարթակ է դարձել: Այն նաև կարևոր առաքելություն է կրում` կրթելով և բարձրացնելով մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածությունը:

Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Դա հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ վերահաստատելու Ցեղասպանության կոնվենցիայի կարևորությունը:

Սակայն, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարևոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրպնդմանն ուղղված միջազգային ջանքերը:

Մենք հուսով ենք, որ Կոնվենցիայի 70-ամյակը նոր լիցք կհաղորդի այս ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերին: