Ուրախ եմ, որ իմ աչքով տեսա իրականությունը. Անահիտ Բախշյանը գնացել է «Ութ սպայի բնակարան զբաղեցնող ՊՆ աշխատակազմի ղեկավարի երկար ձեռքերը» հրապարակման հետքերով


Ուրախ եմ, որ իմ աչքով տեսա իրականությունը. Անահիտ Բախշյանը գնացել է «Ութ սպայի բնակարան զբաղեցնող ՊՆ աշխատակազմի ղեկավարի երկար ձեռքերը»  հրապարակման հետքերով
Հունվար 9 13:50 2017

2016թ. դեկտեմբերի 21-ին մամուլում տարածվել էր «Ութ սպայի բնակարան զբաղեցնող ՊՆ աշխատակազմի ղեկավարի երկար ձեռքերը» վերնագրով հրապարակում, որում մասնավորապես խոսք է գնում այն մասին, որ բանակի սպաները տարիներով հերթ են կանգնում՝ իրենց երիտասարդ ընտանիքների համար բնակարան ստանալու հույսով, սակայն արտոնյալները միշտ խառնում են «թիկունք» չունեցողների հաշիվները:

Ըստ հրապարակման՝ այդպիսի արտոնյալներից է Պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Վյաչեսլավի Հայրապետյանը:
«Նորքի երկրորդ զանգվածում, Գյուրջյան 58/1 հասցեի շենքը ամբողջությամբ ՊՆ աշխատակիցներն են զբաղեցրել: Մարդիկ տարիներով հերթ են պահել ու ստացել իրոք հարմարավետ բնակարաններ: Բայց հաստատ յոթ զինվորականների ընտանիքներ ժամանակին այստեղ բնակարաններ չստացան, որովհետև ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը իրենով արեց մի ամբողջ հարկ: Յուրաքանչյուր հարկում ութ բնակարան կա: Պատկերացնո՞ւմ եք, ինչ թափով տղա է: Նա զբաղեցրել է վերջին հարկը: Տանիքի տարածքն էլ է իրենը, որտեղ ասում են, լողավազան էլ է կառուցել: Գուցե օրենքով իրեն հասնո՞ւմ է: Չգիտենք: Դե, իր կինն էլ է իր մոտ աշխատում, ու նաև ծառայողական ավտոմեքենա ունի: Գուցե երկուսին հասնո՞ւմ է ութ բնակարան»,-նշված էր հրապարակման մեջ:

Տարածված ինֆորմացիայի իսկությունը ստուգելու համար Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով ապրիլից հետո ինետնսիվորեն զբաղվում է զինհաշմանդամների սոցիալական հարցերով, որոնց մեջ են նաև նրանց բնակարնների խնդիրները, լրագրող Արման Սուլեյմանյանի հետ այցելել է Գառնիկ Հայրապետյանի բնակարան:

«Չեմ թաքցնի, շատ մարտականորեն էինք տրամադրված՝ տեղում ստուգել, նկարահանել ու խայտառակել: Գտանք հասցեն, որը ոչ թե Գյուրջյան 58/1 էր, այլ՝ 58: Բարձրացանք վերջին՝ 13-րդ հարկ, որտեղ ոչ թե 8, ինչպես մյուս հարկերում էին, այլ ընդամենը 5 բնակարան էր: Ծեծեցինք պատահական 89-րդ բնակարանի դուռը, որտեղից ձայներ լսեցինք, դուռը բացվեց, հարցրեցինք, թե ո՞րն է Գառնիկ Հայրապետյանի բնակարանը, դռան մեջ կանգնած կինն ասաց՝ սա է, համեցեք: Չթաքցրեցի մեր այցելության նպատակը, կինը՝ Հասմիկն ինձ առաջնորդեց տեսնելու բնակարանի բոլոր սենյակները: Բնակարանն ուներ 3 սովորական ննջասենյակ, հյուրասենյակ, շատ սովորական խոհանոց ու միջանցք, 4 սենյականոց բնակարան: Այդտեղ բնակվում է 8 հոգանոց ընտանիքը՝ ինքը, կինը, 5 երեխաներն ու կնոջ մայրը: Ավագ որդին վերջերս ավարտել է Խամփերյանցի անվան զինվորական ինստիտուտն ու ներկայումս ծառայում է Արցախում: Հաճախ Գառնիկ Հայրապետյանի ծնողներն են հյուրընկալվում իրենց տանը: Հետաքրքրվեցինք, թե ո՞րտեղ է լողավազանը, միջանցքից դուրս եկանք դեպի սահմանազատված տանիքի հարթակ , որտեղ ոչ մի լողավազան չկար: Ասելիքս ի՞նչ է, հոդվածում ներկայացվածը պարզապես չի համապատասխանում իրականությանը»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անահիտ Բախշյանը:

Նա դիմել է լրագրողներին՝ հորդորելով անհիմն հոդվածների չտարածել. «Հարգելի լրագրողներ, առանց այդ էլ հասարակության մեջ շատ մեծ է բանակի ու պետական մարմինների նկատմամբ անվստահությունը, իսկապես կան աղաղակող երևույթներ, ի՞նչ նպատակով եք գրել այս նյութը, ինչո՞ւ եք տարածում նման անհիմն հոդվածներ, որին ինքս էլ հավատացել էի, բայց ուրախ եմ, որ իմ աչքով տեսա իրականությունը: Խնդրում եմ, մի՛ նպաստեք իշխանություն- հասարակություն ատելության խորացմանը, որն առանց այդ էլ վտանգավոր կարմիր գիծը հատել է, գրեք միայն ճիշտ փաստեր, այն էլ ստուգելուց հետո»:

Նշենք, որ ավելի վաղ Armday.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ տարածվածն ապատեղեկատվություն է:

«Հայրապետյանը ստացել է սովորական չորս սենյականաոց բնակարան, քանի որ ունի չորս երեխա: Այդ հարկի վրա բոլորը միասին էլ 8 բնակարան չկա»,-ասել էր Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակը նաև նշել էր, որ Գառնիկ Հայրապետյանի կինն աշխատում է ՊՆ-ում, բայց ծառայողական մեքենա չունի:

 Կարինա Սահակյան