Վանաձորում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Վանաձորում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
Նոյեմբեր 20 09:20 2017

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի 24-ամյա բնակիչը։
2017 թվականի նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:
Սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ նույն քաղաքի 24-ամյա բնակչի կողմից։
Լոռու մարզային քննչական վարչության եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում` սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե