Royal Caribbean International-ը կդադարեցնի դեպի Թուրքիա ուղևորությունները

Royal Caribbean International-ը կդադարեցնի դեպի Թուրքիա ուղևորությունները
Հոկտեմբեր 22 01:06 2017

Աշխարհի ամենախոշոր կրուիզային ընկերություններից «Royal Caribbean International»-ը հայտարարել է, որ թուրքական ուղղությունները հանել է իր երթուղիներից՝ այդ երկրում տիրող անկայուն քաղաքական դրության պատճառով։

«CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ ընկերության կողմից կատարված հայտարարության մեջ նշվել է, որ դեպի թուրքական Քուշադասը քաղաք նախապես ծրագրված ուղևրությունների փոխարեն հաջորդ տարի նախապատվությունը կտրվի հունական Ռոդոս և Միկոնոս կղզիներին։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ միջազգային լրատվական գործակալությունների հետ զրույցում «Royal Caribbean»-ի ներկայացուցիչը նշել է, որ նման որոշում է կայացվել՝ ելնելով ուղևորների և անձնակազմի անվտանգության նկատառումներից։ «Մենք կշարունակենք հետևել Թուրքիայում տիրող իրավիճակին և հույս ունենք, որ դեռ կվերադառնանք այդ հանրաճանաչ ծովափ», – հավելել է նա։

Նշենք, որ ընկերությանը պատկանող «Jewel of the Seas» զբոսանավը 2018թ․ հունիս- հոկտեմբեր ամիսներին 8 ուղևորություն պիտի կատարեր դեպի Քուշադասը, սակայն դրա փոխարեն կմեկնի Ռոդոս կղզի։ Իսկ նույն ընկերության «Vision of the Seas» զբոսանավը մայիս – հոկտեմբեր ժամանակահատվածում Քուշադասը պետք է այցելեր 7 անգամ, սակայն այդ այցերը ևս կփոխարինվեն դեպի Ռոդոս կամ Միկոնաս կղզիներ ուղևորություններով։

Հավելենք նաև, որ 2015թ․ «Royal Caribbean International»-ի հսկա զբոսանավերը դեպի Թուրքիա 135 ուղևորություն էին իրականացրել, որից 80-ը՝ դեպի Քուշադասը։ Սակայն Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով 2016թ․ այդ ուղևորությունների թիվը կտրուկ նվազել էր՝ հասնելով ընդամենը 85-ի։

Քուշադասըի առևտրի պալատի նախագահ Սերդար Աքդողանի խոսքով՝ իրենք «Royal Caribbean International»-ից դեռևս որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել, սակայն եթե նման բան իրոք տեղի ունենա, դա շատ մեծ հարված կլինի տարածաշրջանի համար, զբոսաշրջության ոլորտում նկատվող ճգնաժամն էլ ավելի կխորանա։