Ինչու է Երևանի քաղաքապետարանը իր բյուջեից տարեկան 11 մլն․ դրամ անդամավճար տալիս փաստացի չգործող ասոցիացիայի․ ԵԼՔ-ի դիմումը


Ինչու է Երևանի քաղաքապետարանը իր բյուջեից տարեկան 11 մլն․ դրամ անդամավճար տալիս փաստացի չգործող  ասոցիացիայի․ ԵԼՔ-ի դիմումը
Հոկտեմբեր 18 14:20 2017

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրությամբ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզելու, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը իր բյուջեից տարեկան 11 մլն․ դրամ անդամավճար տալիս մի ասոցիացիայի, որը փաստացի չի գործում և որի նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը:

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երևան համայնքի ավագանին հանդիսանալով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի անդամ այդ կազմակերպությանը վճարում է տարեկան 11 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2015թ. դրությամբ վճարվող անդամավճարը կազմում էր տարեկան 5.5 մլն դրամ: Ասոցիացիայի պաշտոնական կայքէջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տևական ժամանակ է այդ կազմակերպությունը փաստացի չի գործում, ուստի առաջանում է անդամակցության վերանայման խնդիրը:

Հիմք ընդունելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՕ-5-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ.

որքա՞ն ժամանակ է Երևան քաղաքի ավագանին անդամակցում Հայաստանի ավագանիների ասոցիացիային և որքա՞ն է կազմել տարեկան անդամավճարը ըստ անդամակցության տարիների,
խնդրում եմ տրամադրել տեղկատվություն (ժամանակացույց) Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կողմից կազմակերպված աշխատանքներին Երևան քաղաքի ավագանու մասնակցության վերավերյալ,
ի՞նչն է հիմք հանդիսացել Հայաստանիավագանիների ասոցիացիային անդամակցության տարեկան վճարի կրկնապատկման համար,
Տեղեկացնում եմ նաև, որ համաձայն ասոցիացիայի պաշտոնական կայքէջում տեղադրված կանոնադրության 4.1 ենթակետի, կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ ցանկացած քաղաքացի: Անդամակցության վերաբերյալ կանոնադրությամբ այլ բան սահմանված չէ, ինչը նշանակում է, որ սույն կազմակերպության անդամակցությունը կրում է բացառապես անհատական բնույթ և որպես հավաքական մարմին Երևան քաղաքի ավագանին չի կարող հանդիսանալ այս կազմակերպության անդամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը դիմում եմ Ձեզ առաջարկով՝ կասեցնելու Երևան քաղաքի ավագանու անդամակցությունը Հայաստանի ավագանիների ասոցիացիային և քննարկելու անդամակցության դադարեցման հարցը»:



loading...