Կիևում ներկայացվել է ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը


Կիևում  ներկայացվել է  ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը
Հոկտեմբեր 13 14:14 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը հոկտեմբերի 9-10-ը մասնակցել է Կիևում կայացած «Վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումներ և հեռանկարներ. վարչական ծառայությունների մատուցման ոլորտում ապակենտրոնացում» թեմայով միջազգային համաժողովին:
Համաժողովը կազմակերպել էր Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման, շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարարության հետ համատեղ`Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:
Համաժողովի նպատակն էր վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումների գործընթացում իրականացնել փորձի փոխանակում:
Աշոտ Գիլոյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև անդրադարձել խոշորացվող համայնքներում ներդրվող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) և Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) մասին: «Այս համակարգի շնորհիվ խոշորացված համայնքի ցանկացած բնակավայրում բնակիչը կարող է օգտվել ՏԻՄ կողմից մատուցվող վարչական ծառայություններից: Այս պահի դրությամբ նման գրասենյակները 21-ն են, սակայն մինչև տարեվերջ նախատեսվում է հիմնել ևս մի քանի գրասենյակ»,-ասել ՏԿԶՆ ներկայացուցիչը:
Համաժողովին մասնակցում էին Ուկրաինայի Վերին Ռադայի, նախագահի աշխատակազմի, նախարարների կաբինետի, կենտրոնականև տեղական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, վարչական ծառայությունների տարածաշրջանային կենտրոնների, Հայաստանի և Վրաստանի նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց երկրներում ներգրավված են հանրային ծառայությունների մատուցման քաղաքականության ձևավորման եւ իրականացման գործընթացներում:
Համաժողովի ընթացքում մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթացել Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում վարչական ծառայությունների մատուցման փորձին:Միջոցառման ավարտին ամփոփվել են արդյունքները՝ հատկապես շեշտադրելով Ուկրաինայում վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերի բարելավման հեռանկարները և հետագա քայլերը:
Հայաստանի մասնակցությունը գիտաժողովին իրականացվել է Deutsche Gesellschaftfür Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի կողմից իրականացվող `«Լավ տեղական ինքնակառավարման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։