Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ. «Ժամանակ»


Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ. «Ժամանակ»
Հոկտեմբեր 13 08:24 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները շատ ավելի օբյեկտիվ են լինում, որովհետեւ նրանք, ի տարբերություն կառավարության, հայաստանյան քաղաքականության սուբյեկտ չեն եւ մեր երկրում չունեն ընթացիկ քաղաքական շահեր:

ԱՄՀ-ի գնահատականը Կարեն Կարապետյանի կառավարությանը ոչ մի լավ բան չի խոստանում, մանավանդ, որ հաջորդ տարվա համար տնտեսության զարգացման ավելի համեստ ցուցանիշ է կանխատեսվում: Միջազգային փորձագիտական այս հեղինակավոր գնահատականը վկայում է մեր կառավարության տնտեսական քաղաքականության ձախողման մասին եւ զրոյացնում է կաբինետի այն հավաստիացումները, թե իբր 2017-ի քաղաքականությամբ նախապատրաստվում են հիմքեր, որպեսզի հաջորդ տարվանից տնտեսական աճը բերի զարգացման: Նույնիսկ բարձրակարգ տնտեսագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ Կարեն Կարապետյանի քաղաքականության ձախողումը գրեթե անխուսափելի է` հռչակված առաջնահերթությունների անկատարության ֆոնին:

Ներդրումային բումն այդպես էլ տեղի չունեցավ: Իրավիճակը չի կարող փրկել անգամ կառավարության մանիպուլյատիվ խորամանկությունը, որովհետեւ հիշվում է միայն Սամվել Կարապետյանի սահմանափակ ներդրումների մասին, որոնք սակայն ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետեւ այդ բառը որդեգրել են, դրա հիմքում դնելով կրճատումը: Իրականում օպտիմալացումը դա ճկուն, արդյունավետ, գործուն համակարգ ձեւավորելն է: Սակայն ԱՄՀ-ի կանխատեսման հատկապես քաղաքական հետեւանքներն են կարեւոր, որովհետեւ 2018-ի համատեքստում դրանք ճակատագրական կարող են լինել Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարի տեսանկյունից:

Տնտեսության զարգացման 5%-ոց նշաձողը խորհրդարանական մեծամասնության ու Սերժ Սարգսյանի կողմից սահմանվել են որպես կառավարության գործունեության գնահատման չափանիշ, ինդիկատոր: Հիմա ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել այն տնտեսական աճը, որը դրված է նրա կառավարության ծրագրի հիմքում: Նման դեպքերում կառավարությունները հրաժարական են տալիս կամ պաշտոնանկ են արվում: Օրինակ՝ 2014-ին Տիգրան Սարգսյանի կառավարության արձակման ֆորմալ պատճառը հենց այն էր, որ չէր ապահովվել տնտեսության 7%-ոց աճ: Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հիշեց կառավարության ստանձնած քաղաքական պատասխանատվության մասին եւ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց:

Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հրաժարական տալու մտադրություն չունի, հակառակը` մտադիր է բարձրացնել իր քաղաքական կարգավիճակը, որովհետեւ 2018-ի ապրիլից` վարչապետը նաեւ պետության ղեկավարն է: Իհարկե, գնդակը հիմա գտնվում է Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանական մեծամասնության դաշտում: Եթե Սարգսյանը որոշի, որ 2018-ի ապրիլին նախագահական նստավայրից տեղափոխվում է կառավարություն, ապա խորհրդարանական մեծամասնությունը, անշուշտ, «երկուս» կնշանակի «հինգի» չձգող կառավարությանը: Նման դեպքերում` Բաղրամյան 26-ին թվային աճպարարությունները չեն հետաքրքրում:

Հակառակ պարագայում` խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը «լվանալու» են հասարակության ուղեղները` հիմնավորելու համար, որ, օրինակ, տարբեր են կառավարության եւ ԱՄՀ-ի գնահատման չափանիշները, եւ վերջինիս նշած 2.9 տոկոսը համարժեք է, ասենք, հայաստանյան իրականության 5 կամ 7 տոկոսին: Հայաստանում ամեն ինչ հարմարեցված է քաղաքական կոնյուկտուրային, ավելի ստույգ` ներհամակարգային կոնսենսուսին, որն էլ, ըստ էության, դառնում է կառավարության կամ կոնկրետ պաշտոնյաների գործունեության գնահատման կամ հեռացման չափանիշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...