ԱՄՆ-ն հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը.Կարեն Կարապետյան


ԱՄՆ-ն հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը.Կարեն Կարապետյան
Հոկտեմբեր 12 19:02 2017

Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին՝ օգնելով շուկայական տնտեսության, ժողովրդավարության կայացմանը, ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյա հոբելյանը նշանավորող տոնական միջոցառման շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Դրանք նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանն ու հումանիտար էին իրենց բնույթով։ 90-ակաների վերջին մենք զարկ տվեցինք համագործակցության նոր ձևաչափի։ Շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար», - նշեց վարչապետը։

Կարեն Կարապետյանն ասաց, որ այս պահին ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանք է տարվում տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ինչպես նաև սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրերի ուղղությամբ։

«ԱՄՆ-ն հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը։ Մենք համագործակցել ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտեցիալ, որը պետք է զարգացնենք և իրականացնեք։ Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական կրկնակի աճ բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություն», - հավելեց նա։