Երևանում Infiniti-ի՝ «Հաղթանակ» կամրջից ձորը գահավիժելու փաստով մեղադրանք է առաջադրվել ֆիզկուլտինստիտուտի 19-ամյա ուսանողին, վթարից մահացել էր «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի ավագը

Երևանում Infiniti-ի՝ «Հաղթանակ» կամրջից ձորը գահավիժելու փաստով մեղադրանք է առաջադրվել ֆիզկուլտինստիտուտի 19-ամյա ուսանողին, վթարից մահացել էր «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի ավագը
Հոկտեմբեր 12 15:01 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ադամյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի բնակիչ՝ 19-ամյա Սամվել Զաքեյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 30-ին Երևանում Infiniti X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենան վարել էր նա, ինչի հետևանքով մեքենան «Հաղթանակ» կամրջից մի քանի մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել էր ձորում, իսկ ավտոմեքենայի ուղևորներից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի ավագ, 18-ամյա Հայկ Մելքոնյանը մահացել էր, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի Նոր նորքի 6-րդ զանգվածի բնակիչ, 19-ամյա Նարեկ Կարապետյանը, ով սովորում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Կուռգանի սահմանապահ զորքերի 2-րդ կուրսում, ստացել էր մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Ս. Զաքեյանը, ով սովորում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսում, ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմնաններում Infiniti F X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, այնուհետև տապալել կամրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդանկները և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր: 

Աղբյուր՝ shamshyan.com