Հայաստանում անհրաժեշտ է սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ ստեղծել. վարչապետ


Հայաստանում անհրաժեշտ է սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ ստեղծել. վարչապետ
Հոկտեմբեր 12 12:02 2017

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ հանձնարարական տվեց:

«Արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոններ։ Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորման ուղղությամբ»,-նշեց վարչապետը:

Վարչապետը կարևորեց համայնքային ծառայությունները մեկ պատուհանով սպասարկելը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց տասնօրյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների նույն հարթակում կազմակերպելու նպատակով ներկայացնել առաջարկներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վարչապետը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ և ամսական պարբերականությամբ դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել կառավարությանը։

«Այստեղ ունենալու ենք ֆինանսական միջոցների օպտիմալացում, և տնտեսվող միջոցներն ուղղվելու են տեխնիկական վերազինմանը»,-հավելեց Կարեն Կարապետյանը:



loading...