Թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցությունը անկասկած ողջունելի է. Բայց արդյո՞ք իրականություն կդառնա. «Ժամանակ»


Թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցությունը անկասկած ողջունելի է. Բայց արդյո՞ք իրականություն կդառնա. «Ժամանակ»
Հոկտեմբեր 12 09:13 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաեւ Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպես կոչված, սվոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:

Խոսքն այն մասին է, որ Թուրքմենստանը գազ է մատակարարում Իրան, իսկ Իրանը նույն ծավալի գազ է մատակարարում Հայաստան: Հայկական կողմը վարչապետի իրանական այցի համատեքստում չի խոսել այդ մասին քննարկումների շուրջ: Թուրքմենական գազի շուրջ քննարկումների մասին չի խոսվել նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի թուրքմենական այցերի, նաեւ Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան այցի ընթացքում: Որ քննարկվում է այդ հարցը, առաջին անգամ ասում է իրանցի նախարարը:

Ի՞նչ պարզաբանում կտա այդ կապակցությամբ Երեւանը, կհաստատի՞, որ քննարկվում է այդ հարցը: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է Երեւանը քննարկում թուրքմենական եւ իրանական գազ գնելու հարցը: Իհարկե, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, եւ հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերության բնույթը, թե՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցությունը փաստորեն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշվին:

Ըստ այդմ էլ հարց է ծագում, թե արդյոք Երեւանը կգնա՞ նման քայլի՝ չզգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից: Հետեւաբար Երեւանը կա՛մ փնտրում է ռուսական կամ գազպրոմական գազին այլընտրանք, կա՛մ Իրանի եւ Թուրքմենստանի հետ գազային բանակցությունը վարվում է ռուսական կողմի հավանությամբ եւ գիտությամբ: Հետեւաբար ծագում է մյուս հարցը՝ այդ դեպքում ո՞րն է նպատակը, կամ ինչո՞ւ է այլընտրանք փնտրվոմ, որովհետեւ եթե անգամ խոսքը ռուսական կողմի գիտությամբ քննարկումների մասին է, ապա միեւնույն է՝ ստացվում է քննարկում այլընտրանքի շուրջ:

Այլ կերպ ասած՝ հարցերը իսկապես շատ են, հասկանալու համար, թե որքանով է լուրջ այն գործընթացը, որ սկսել է Հայաստանը գազային այլընտրանքի ուղղությամբ: Դրա շնորհիվ միայն հնարավոր կլինի հասկանալ, թե որքանով է դա իրապես այլընտրանք, ոչ թե միայն, այսպես ասած, թղթով կամ խողովակով: Որովհետեւ տասներկու տարի առաջ Հայաստանն ունեցավ այլընտրանքային խողովակ Իրանից, բայց այդ խողովակը դե ֆակտո այդպես էլ չդարձավ իրական այլընտրանք Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Առավել եւս, որ զուտ ֆիզիկապես այդ խողովակը անկարող է ապահովել Հայաստանի ամբողջական պահանջը:

Հետեւաբար ներկայումս այլընտրանքի մասին առարկայորեն խոսելու համար թերեւս պետք է խոսել նոր գազամուղի մասին: Միայն դրա վերաբերյալ խոսակցությունը կարող է լրջացնել էներգետիկ գործակցության եւ ընդհանրապես հայ-իրանական հարաբերության մասին ընդհանուր առմամբ դեկլարատիվ բնույթի տեղեկատվությունը եւ վկայել իսկապես լուրջ ռազմավարական հեռանկարի մասին:

Այն, որ կա գործընթաց եւ քննարկում հարավային ուղղությամբ՝ անկասկած ողջունելի է: Սակայն կան հարցեր, որոնք ունեն պատասխանի կարիք Հայաստանը կամ հանրությանը երազախաբությունից ապահովագրելու համար, որովհետեւ այդպիսի դեպքերում սովորաբար ոչ թե այլընտրանքներն են քիչ թե շատ ծնվում, այլ մեծանում է ընտրության դեֆիցիտի, այսպես ասած, ժամանակային դիապազոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում