Կահիրեում կայացել է հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25- ամյակին նվիրված համերգ

Կահիրեում կայացել է հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25- ամյակին նվիրված համերգ
Հոկտեմբեր 11 23:20 2017

Եգիպտոսի մշակույթի նախարարության և Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի հովանավորությամբ հոկտեմբերի 8-ին Կահիրեի Օպերայի տանը տեղի է ունեցել «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի» լարային քառյակի համերգը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է․ «Հյուրերի թվում էին ԵԱՀ ԱԳ նախարարության պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, եգիպտահայեր։
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր բացման խոսքում բարձր գնահատեց անցած 25 տարիներին հայ-եգիպտական համագործակցության շրջանակներում գրանցված ձեռքբերումները, անդրադարձավ միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։
Քառյակի կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ հայ և համաշխարհային դասական երաժշտության գանձարանից»։