Կատալոնիայի նախագահը խնդրել է հետաձգել շրջանի անկախության հռչակումը


Կատալոնիայի նախագահը խնդրել է հետաձգել շրջանի անկախության հռչակումը
Հոկտեմբեր 10 22:38 2017

Չնայած կանխատեսումներին՝ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը խոհրդարանին խնդրել է հետաձգել Իսպանիայից շրջանի անկախացման հարցը: Հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 10-ի երեկոյան Կատալոնիայի խորհրդարանում նիստի ժամանակ, որին հետևել է ամբողջ երկիրը:

Սպասվում էր, որ այսօր Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ պաշտոնապես կհայտարարի Կատալոնիայի անկախացման մասին: Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան իսկապես արժանացել է անկախանալու իրավունքին և ի վերջո պետք է ինքնուրույն պետություն դառնա, բայց Իսպանիայից առանձնանալու գործընթացը պետք է ժամանակավորապես դադարեցնել:

«Իսպանիայի հետ վեճը կարող է բանակցությունների ճանապարհով հարթվել: Կատալոնիայի խորհրդարանը պետք է դադարեցնի անկախության հռչակումը՝ համաձայնեցված լուծման համար Մադրիդի հետ երկխոսություն սկսելու համար»,- հայտարարել է նա: