Թրամփն առաջարկել է Թիլերսոնին չափվել IQ-ով


Թրամփն առաջարկել է Թիլերսոնին չափվել IQ-ով
Հոկտեմբեր 10 20:40 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է համեմատել ինտելեկտի գործակիցը պարզող թեստի իր արդյունքն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի արդյունքի հետ, եթե պետքարտուղարն իսկապես պետության ղեկավարի հասցեին հայհոյանք է թույլ տվել։

«Կարծում եմ՝ դրանք կեղծ նորություններ են։ Սակայն եթե նա իսկապես դա ասել է, ապա, կարծում եմ, մեզ պետք է համեմատել IQ թեստերը։ Եվ կարող եմ Ձեզ ասել, թե ով կհաղթի»,-ասել է Թրամփը Forbes-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբաելով հաղորդագրությունն այն մասին, թե Թիլերսոնն իր հասցեին հայհոյանք է թույլ տվել։

Անցած շաբաթ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Թիլերսոնը ոչ բարյացկամ է արտահայտվել Թրամփի մասին և մտադրվել էր ամռանը լքել պաշտոնը, սակայն մնացել է՝ փոխնախագահ Մայք Փենսի տարհամոզումից հետո։ Թիլերսոնը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ հավատարիմ է մնում նախագահին, Թրամփը մեղադրել էր հեռուստաալիքին սուտ տեղեկություններ տարածելու մեջ և ներողություն պահանջել։