Գյուղնախարարն ասուլիս հրավիրել էր ԿԳ նախարարի եղբոր գործարանում. Նժդեհի գաղափարախոսությունից էլ խոսել չի ցանկանում

Գյուղնախարարն ասուլիս հրավիրել էր ԿԳ նախարարի եղբոր գործարանում. Նժդեհի գաղափարախոսությունից էլ խոսել չի ցանկանում
Դեկտեմբեր 24 13:21 2016

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր տարեվերջյան մամուլի ասուլիս: Նշենք, որ տարեվերջյան մամուլի ասուլիսը Առաքելյանը կազմակերպել էր, ոչ թե իր ղեկավարած գերատեսչությունում այլ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, ավելի կոնկրետ «Արմենիա Վայն» գինու գործարանում: Սույն ընկերությունը պատկանում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եղբորը՝ Վահագն Մկրտչյանին: Armday.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու՞ որոշվեց հենց այստեղ տարեվերջյան մամուլի ասուլիս հրավիրել: Ի պատասխան Առաքելյանն ասաց, թե որեւէ կերպ կապ չունի այն հանգամանքը, որ ինքն ու Մկրտչյանը կառավարության կազմում են, պարզապես որոշել են շրջայց էլ կազմակերպել: Բացի այդ Առաքելյանն ասաց, թե ինքը մյուս գործարաններ եւս այցելում է:

Ապա ամփոփելով տարին Առաքելյանը նշեց, թե գյուղատնտեսության ոլորտում վերլուծություններ են արվել, որպեսզի անկհայտ դառնա թե ինչ խնդիրներ կան և որոնց լուծման համար ինչ է անհրաժեշտ: «Երեք ամսվա ընթացքում վերլուծել ենք այն բոլոր պետական մասնակցության ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում: Հանդիպել եմ բոլոր գնորդ կազմակերպությունների հետ, դա ինչի համար է, որ հասկականք, թե նախքան առաջ գնալն ինչ հարցեր կան, հնարավոր է դրա համար պետական աջակցության կարիք լինի: Հանդիպելով ոլորտների ներկայացուցիչների հետ փորձեցինք ամփոփել իրենց խնդիրները, հաջորդ տարի կատարելագործելու ենք այդ ոլորտները, որը կլինի ի շահ գյուղացու»,-ասաց նախարարը:

Ըստ նրա պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր կա, սակայն նախարարությունը դեռ վստահ չէ, որ շուկան պատրաստ է դրան, ինչի համար ևս մեխանիզմներ են մշակվում:« Կհրավիրենք մրցույթ, որպեսզի համոզված լինեք, որ քանի ընկերություն կա և պարարտանյութի ինչ քանակ և ովքեր ինչ են առաջարկում»,- ասաց նա: Նախարարի ներկայացրած հաջորդ ծրագիրը երինջների խնդրին էր վերաբերում: Իգնատի Առաքելյանն ասաց, որ այդ ծրագրում ևս խնդիրներ կան.«Մենք որոշելու ենք չափորոշիչներ Հայաստանում գործող լավագույն տոհմաբույծների համար: Կհամագործակցենք մասնավորի և տոհմաբույծների հետ: Խիստ վերահսկողությունն ու մոնիտորինգը լինելու են»: Նախարարը նշեց, որ սերմնաբուծության ոլորտում ևս ծրագրերը շարունակական են լինելու.«Ապահովելու են բարձրակարգ սերմերի պաշարը և ելնելով շուկայի իրավիճակից պետությունը համապատասխան միջամտություն կցուցաբերի»: Իգնատի Առաքելյանն ասաց, որ պետություն-մասնավոր համատեղ համագործակցության ստեղծումը կբերի ոլորտի զարգացմանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե հաջորդ տարի կլինե՞ք արդյոք կառավարության կազմում, Առաքելյանն ասաց, թե այս պահին իրեն տեսնում է միայն գյուղատնտեսության նախարարությունում, քանի որ ներգրված է իր աշխատանքում:

Մեր հարցին, թե ինչ սովորեցիք այս ընթացքում Նժդեհյան գաղափարախոսությունից, ապա Առաքելյանն ասաց, թե չի ցանկանում այդ հարցին անդրադառնալ, քանի որ չի կարծում, թե քննության է եկել: Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը եւս որոշել էր վարչապետի հետ միասին անդամակցել ՀՀԿ-ին, սակայն հայտարարել էր, թե Նժդեհյան գաղափարախոսությունից անտեղյակ է: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ խոստացել էր նրան մանրամասն ծանոթացնել Նժդեհի գաղափարախոսությանը:

Փայլակ Ֆահրադյան