Կայացել է Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը


Կայացել է Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը
Հոկտեմբեր 10 03:45 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Կարեն Կարապետյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու եւս մեկ անգամ շնորհավորել Էսհաղ Ջահանգիրիիին Իրանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վարչապետը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: «Լիահույս եմ, որ այս հանդիպումից հետո մենք նոր շունչ կհաղորդենք մեր համագործակցությանը եւ մեր օրակարգում գտնվող բոլոր ծրագրերին: Տնտեսական համագործակցությանն անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ այն զգալիորեն զիջում է մեր երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը: Սակայն ավելի քան վստահ եմ, որ կարող ենք նոր հաջողություններ արձանագրել մեր համագործակցության տնտեսական հարթությունում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: Էսհաղ Ջահանգիրին կարեւորել է երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ տարբեր ոլորտներում տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ վստահություն հայտնել, որ վարչապետ Կարապետյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության էլ ավելի ակտիվացմանն ու ընդլայնմանը: