Խաղալու ենք ոչ միայն Մխիթարյանի դեմ.Բորոդյուկ

Խաղալու ենք ոչ միայն Մխիթարյանի դեմ.Բորոդյուկ
Հոկտեմբեր 7 19:32 2017

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն:

Հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

Խաղից առաջ Ղազախստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը պատասխանել է լրագրողների հարցերին:

- Ցավոք, միանգամից մի քանի ֆուտբոլիստներ, որոնք համարվում են իրենց թիմերի առաջատարները, չեն կարող օգնել ընտրանուն առաջիկա խաղում որակազրկման կամ վնասվածքների պատճառով: Սակայն այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են իմ տրամադրության տակ, վաղը խաղադաշտ դուրս կգան և կպաշտպանեն իրենց հավաքականի պատիվը:

- Հայաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպումը վերջինը կլինի ընթացիկ որակավորման փուլում: Կարելի՞ է սպասել, որ վաղը մեր թիմը հարձակվողական մարտավարություն կընտրի:

- Կասկած չկա, որ մենք փորձելու ենք հարձակվել: Ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները կարողանան հաղթել միկրոմենամարտերում և ճիշտ ընտրեն իրենց դիրքերը խաղադաշտում: Կարևոր է նաև անհատական վարպետությունը: Մեր թիմը շատ հնարավորություններ է ստեղծում, սակայն դրանք իրացնելու հարցում խնդիրներ են առաջանում: Այդ խնդիրը պետք է լուծել: Խաղալու ենք տանն ու կենտրոնանալու ենք հարձակման և գոլ խփելու վրա:

- Դիտե՞լ եք Հայաստան-Լեհաստան հանդիպումը: Պարտությունից հետո Ձեր կարծիքն առաջիկա մրցակվի վերաբերյալ փոխվե՞լ է:

- Արդեն ասել եմ, որ մեր խմբում ընդգրկված բոլոր հավաքականներն էլ ուժեղ են: Հայաստանը բացառություն չէ: Իհարկե, մենք դիտել ենք Հայաստանի հավաքականի հանդիպումները: Մենք կվերլուծենք Հայաստանի հավաքականի թիմային գործողությունները և կանենք ճիշտ ենթադրություններ:

- Արդյոք ճի՞շտ եք համարում մրցակցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին անհատապես հսկելու տարբերակը:

- Շատ եմ ասել, որ ֆուտբոլը թիմային խաղ է: Կարևոր է, որ մեր ֆուտբոլիստները, որոնք մոտ լինեն Մխիթարյանին, փորձեն պայքարել նրա հետ և հաղթող դուրս գան այդ պայքարում: Համաշխարհային ֆուտբոլում հիմա գրեթե ոչ ոք անհատապես չի խաղում: Բոլոր մարզիչներն էլ կարող են ասել, որ պետք է անհատապես հսկել Մեսսիին կամ Լևանդովսկուն, սակայն դա չի խանգարում նրանց գոլի հեղինակ դառնալ: Դա վարպետություն է, տաղանդ և ֆուտբոլիստի մտածելակերպ: