Ինչպես շատ կտրուկ լռել գիտեր, այդպես էլ գնաց. գրականագետը՝ Անահիտ Բոստանջյանի մասին


Ինչպես շատ կտրուկ լռել գիտեր, այդպես էլ գնաց. գրականագետը՝ Անահիտ Բոստանջյանի մասին
Հունվար 8 15:50 2017

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի մահվանը.

«Շշմելու էներգիա ուներ Անահիտ Բոստանջյանը. գրում էր, թարգմանում էր, կազմում էր, խմբագրում էր, Թիֆլիսում էր, Երևանում էր, ֆեյսբուքում էր, ու միշտ արձագանքում էր, կիսվում էր, ուրախանում էր, տխրում էր, գովում էր, քննադատում էր, բորբոքվում էր, հանդարտվում էր, Երևան գալուց՝ համարյա բոլորին հանդիպում էր, հանդիպելուց՝ խոսում էր, խոսում էր, պատմում էր ու պատմում, անընդհատ նոր մտքեր, ծրագրեր, սա անեմ, նա անեմ...

Ու պարտադիր լուսանկարվում էր, էդ լուսանկարներով ուրախանում էր, ու այդ ուրախությունը իր այս անսպասելի մահից հետո նաև մեր ուրախությունն է՝ Անահիտի հետ շատերս լուսանկար ունենք.... Հորդուն էր շատ, ու իր այս վերջին տարիների, հատկապես՝ արձակ թարգմանությունները իր էդ հորդուն տարերքի դրսևորումներն էին, ընտիր թարգմանություններ... Ու Անահիտի՝ այս հանկարծակի գնալն էլ իր ոճով է: Այս վերջին օրերին ֆեյսբուքում անընդհատ ներկայություն էր, գրում, գրում, վիճում էր... Եվ ինչպես շատ կտրուկ լռել գիտեր, այդպես էլ գնաց... Խոնարհումս իր հիշատակին»,-գրել է նա:

Հիշեցնենք որ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի, լրագրող Անահիտ Բոստանջյանը մահացել է այս գիշեր՝ 68 տարեկան հասակում: