Իմ կյանքը «Ք.Ա.Ք»-ն է. Ս. Դանիելյանի «Կյանքը մեկ օրում» (բացառիկ լուսանկարներ «Դիվադադարի» նկարահանումներից)


Իմ կյանքը «Ք.Ա.Ք»-ն է. Ս. Դանիելյանի «Կյանքը մեկ օրում» (բացառիկ լուսանկարներ «Դիվադադարի» նկարահանումներից)
Դեկտեմբեր 17 15:57 2016

-Պարոն Դանիելյան, Ձեզ կամ սիրում են, կամ՝ ոչ, չկա միջին վիճակ: Դուք ինքներդ Ձեր ո՞ր հատկանիշն եք առավել գնահատում Ձեր մեջ:

-Ես ինձ չեմ գնահատում, դրանով ուրիշներն են զբաղված:

-Ինչպե՞ս են ընթանում Ձեր կուսակցության գործերը: Ի վերջո, անվանումն ընտրելուց մտածել եք աղմուկ բարձրացնելու մասին: Ո՞ր կուսակցությունն եք համարում Ձեզ մրցակից կամ գոնե հավասար:

-Բացարձակ: Ինչ եք ասում, ես բացարձակ չեմ մտածել: Ես մրցակցությունից դուրս եմ: Հավասար են միայն իշխող կուսակցությունն ու ԲՀԿ-ն՝ մեծ կուսակցությունները էլի: Մի քիչ ինձանից պակաս են, իհարկե, բայց ոչինչ, ես իրենց կօգնեմ, կբարձրանան իմ մակարդակին:

-Դուք անում եք բաներ, որոնք հայկական իրականության մեջ համարձակություն են կոչվում, հետաքրքիր է՝ ո՞րն է Ձեզ համար սահմանը, որը երբեք չեք անցնի:

-Ոչ մի համարձակություն չկա այստեղ, այստեղ հոգուս կանչն է միայն:

-Սահմաններ չունե՞ք, չկա մի բան, որի մասին չեք խոսի: -Երբեմն մարդիկ չեն տարբերում Դուք լուրջ եք խոսում, թե հումոր եք անում. ո՞ր թեմաներն են, որ Ձեզ համար փակ են ու դրանց մասին կամ կխոսեք լուրջ, կամ չեք խոսի առհասարակ:

- Չի եղել այդպիսի հարց, որ ինձ տան, ես ասեմ՝ չեմ խոսելու: Չգիտեմ…

-«Դիվադադար» հաղորդմամբ Դուք շատերին եք նյարդայնացնում, այս ընթացքում երբևէ եղե՞լ է դեպք, երբ իսկապես զգացել եք պահի լրջությունը, մտածել եք Ձեր անվտանգության համար:

-Չէ, չէ, ինչեր եք խոսում: Ես ում եմ ինչ անում…

-Սպառնալիքներ չե՞ն հնչել այս ընթացքում:

-Բացարձակ: Մի հատ բոլոր «Դիվադադարները» նայեք՝ արժանապատվությանը չեմ կպել ոչ մեկի, ընտանիք չեմ մտել, հարգանքով եմ խոսել միշտ:

-Քաղաքական գործիչների կողմից երբևէ զանգեր չե՞ն եղել:

-Չէ, չէ, չէ: Դեռ առիթը չեմ տվել:

-Դեռ չե՞ք տվել՝ ըստ Ձեզ…

-Երբեք էլ չեմ տվել: Ես միշտ «Ք.Ա.Ք»-ի սահմանների մեջ եմ, մեր կանոնադրության սահմանների մեջ:

-Կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:

-Ես երբեք ոչ մի բան պարտադրված չեմ անում, ինձ դուր է գալիս գնալ տուն, ինչ-որ բան անել, ուրեմն կայֆով եմ անում: Հաց եմ ուտում, երեխեքիս, կնոջս հետ եմ նստում, քնում ենք գիշերները: Ամուսնական պարտք չէ՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Ամեն ինչը: Ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ, ոչ մի վատ բան չի կատարվել, փառք Աստծո: Այնքան դժբախտ մարդ կա…Ամեն ինչը երջանակցում է, երբեմն ինչ-որ բաներից տխրում ես, բայց դա դժբախտություն չէ:

-Երբևէ Ձեր որևէ ընտրության, որոշման, քայլի համար զղջացե՞լ եք:

Հա, իհարկե: Երևի կլինեն այդպիսի դեպքեր, բայց որ ասեմ մի խորը բան է թողել իմ ենթագիտակցության մեջ , որ հիշեմ ու լացեմ ինչպես քահանայի մոտ են լացում, այդպիսի բան չի եղել:

-Ո՞րն է եղել ամենակարևոր դերը, որ երբևէ խաղացել եք, կամ դեռ երազում եք խաղալ:

Ես դերեր չեմ խաղացել: Ես այն եմ, ինչ կամ:

-Իսկ որպես դերասա՞ն:

-Բոլոր կարևոր դերերը խաղացել եմ: Ամսի 24-ին իմ ներկայացումն է Կամերային թատրոնում:

-Միշտ հայտարարում եք, որ իշխանամետ եք և որ Ձեր կուսակցությունը ևս իշխանությանը օգնելու համար է: Ինչպե՞ս եք օգնելու, ի՞նչ եք հասկանում իշխանամետ ասելով:

Օգնելու եմ շատ հարցերում: Ի վերջո, գիտեք, որ իրենք զգան, որ «Ք.Ա.Ք»-ը իրենց մեջքին է, արդեն լավ կզգան իրանց: Լա՞վ չէ, որ մեկն ուղղակի սատարում է, ասենք վատ ես զգում, ինքը ձեռքդ բռնում է, ասում՝ գիտես ինչ, ես քեզ հետ եմ ու արդեն լավա չէ՞: Ես կբռնեմ, օրինակ, Գալուստ Սահակյանի ձեռքը, Հերմինե Նաղդալյանի ձեռքը կհամբուրեմ ու կասեմ՝ ես ձեզ հետ եմ էրեխեք ջան, մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու:

-Պարոն Դանիելյան, Ձեզ մեղադրում են ընտրական պրոցեսը անլրջացնելու մեջ:

-Ղալաթ են անում, եթե պիտի իմ «Ք.Ա.Ք» -ով անլրջանա էդ ընտրական պրոցեսը…

-Այսինքն այն այնքան անլուրջ է, որ …

-Չէ, Դուք միշտ ենթատեքստեր եք ման գալիս իմ խոսքի մեջ, ես շատ ուղիղ եմ, ոչ մի ենթատեքստ իմ ասածի մեջ չկա: Այն է, ինչ կա:

-Ձեր ինչի՞ն է պետք քաղաքականությունը:

-Ոնց թե ինչին…ես քաղաքացի եմ, «Քաղաքացիական ակտիվ քայլ» ստեղծել եմ Արմանի հետ բա ինչի՞ համար, որ օգնեմ:

-Իսկ քաղաքականությունը Ձեզ ո՞նց պիտի օգնի:

-Ես անշահախնդիր եմ օգնում, միայն ես եմ օգնում:

-Ձեզ պատգամավորի դերում պատկերացնո՞ւմ եք:

-Միայն ինձ եմ պատկերացնում:

-Ի՞նչ պիտի անեք ԱԺ-ում:

-Ոչինչ: Ոչինչ չեմ անելու, աշխատավարձը ստանալու եմ, մի լավ ուտեմ, խմեմ, տժժամ:

-«SOS» նախաձեռնության տղաները ևս փաստորեն պատրաստվում են միանալ Ձեր կուսակցությանը:

-Պատրաստվում եմ միանալ, շատ ուրախ եմ, շատ ողջունելի է: Ի վերջո, եթե բոլոր կուսացկությունները միացել ու միանում են, ինչո՞ւ «SOS»-ը չմիանա: Չէ որ մեր ուժը մեր միասնական «Ք.Ա.Ք»-ի մեջ է:

-Կա՞ն էլի հայտնի մարդիկ, ում հետ բանակցություններ են տարվում:

-Այո՛, կան: Բանակցությունները գնում են, դեռ չեմ ասում:

-Դուք բացառո՞ւմ եք, որ որևէ ուժի հետ գուցե դաշինք կկազմեք ընտրություններից առաջ:

-Ես արդեն դաշինքի մեջ եմ բոլորի հետ՝ մտովի թեկուզ:

-Քաղաքական գործիչների կողմից «Ք.Ա.Ք»-ի գործունեության, Ձեր հայտարարությունների վերաբերյալ ինչ-որ արձագանքներ չե՞ն եղել, հասել են Ձեզ:

-Եղել են արդեն արձագանքներ՝ շատ բարի, շատ լավ, որովհետև զգում են, որ ես շատ լավ ծրագրով եմ գալու:

-Իսկ ո՞ր ուժերի կողմից է եղել արձագանք:

-Եղել է մի քանի ուժի կողմից, չեմ ուզում ասեմ, թե որ:

-Ընդհանուր թվով քանի՞ անդամ ունի այժմ կուսակցությունը:

-Մոտ 500:

-Կա՞ն որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապաստասխանի «Ք.Ա.Ք»-ի անդամը:

-Այո: Նախ չպիտի լինի որևէ կուսակցության անդամ, հետո պետք է ընդունի «Ք.Ա.Ք»-ի կանոնները:

-Կուսակցության երիտասարդական թև ստեղծելու գաղափար կա՞:

-Երիտթև ստեղծելու ենք, այո՛: Ցնցող երիտասարդների ռազմավարություն է կոչվելու՝ «Ց.Ե.Ռ», որը կլինի մեր պլատֆորմի հիմքը:

-Ի՞նչ կասեք ժողովրդին, պարոն Դանիելյան:

-Ես ձեր ցավը տանեմ, «Ք.Ա.Ք»-ը ձեզ հետ է, ոչ մի վայրկյան չկասկածեք: «Ք.Ա.Ք»-ը մեր ուժն է, մեր զենքը մեր «Ք.Ա.Ք»-ն է:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… «Ք.Ա.Ք»-ն է:

Մի օր ես… կզարթնեմ:

Կյանքը մեկ օրում… կյանքը մեկ օրում չի կարելի:

Տարիների ընթացքում… լավ ա լինելու:

Իմ օրերի մեջ… իմ օրերից դուրս:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի



loading...