Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին


Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Մայիս 6 10:50 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 8-ամյա աղջիկ է, ով նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում իրենց տանը մահացել է:

Դեպքի մասին Ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։