Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ


Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ
Ապրիլ 30 17:02 2024

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Արծրուն Մ.-ից, ով հայտնել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից դեպի Զովաբեր բնակավայր տանող ճանապարհին՝ լիցքավորման կետին կից գտնվող «Մամուռ» հյուրանոցի անվտանգության աշխատակցի սպասարկան կետի ապակին կոտրելու միջոցով պայթուցիկի նմանվող իր են գցել և այն պայթեցրել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձը պլաստմասսե շիշ է նետել Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհին գտնվող Մամուռ հյուրանոցային համալիրի պահակի սենյակի պատուհանի վրա, ինչի արդյունքում պատուհանի ապակին կոտրվել է ու շիշն ընկել նշված սենյակ, որի ժամանակ, բարեբախտաբար, պահակը ներսում չի գտնվել, ու առաջացել է պայթյուն: