Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան


Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան
Ապրիլ 27 18:49 2024

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը 72-ժամյա ձերբակալությունից ազատ արձակվելուց հետո վերադարձել է Տավուշ։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ խաղաղ գործընթաց են իրականացնում՝ օրենքի շրջանակում, պետք չէ դրա դեմ պայքարել։

«Սա պայքար չէ միայն Կիրանցի, Բերքաբերի համար, սա պայքար է պետության, պետականության, ինքնության համար։ Սա արդեն առաքելություն է, ուղղակի պայքար չէ։ Բայց ամենակարևորը՝  այս պայքարի անկյունաքարը խաղաղ գործընթացն է՝ օրենքի շրջանակներում, որովհետև մեզ անընդհատ փորձում են  քաշել այլ դաշտ՝ մեղսագրելով տարբեր արարքներ, ինչը չի հաջողվի՝ ո՛չ շարժման, ո՛չ մարդկանց վրա ցեխ շպրտելը։ Սա խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին։ Այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ, մոռացեք, անգամ պետք չէ, որ ինչ-որ մեկը պայքարի այս գործընթացի դեմ»,- ասաց Պետրոսյանը։

Դիտարկմանը՝ իշխանությունը իր նշած պայքարին զուգահեռ՝ սահմանազատում է իրականացնում, սյուներ է տեղադրում, Պետրոսյանն արձագանքեց․ «Իհարկե, անում են և շարունակելու են պրոցեսները։ Ես ոչ թե ասում եմ՝ վաղն է այս ամեն ինչի հաղթանակը լինելու, այլ ասում եմ՝ հաղթանակն անպայման լինելու է։ Հիմա յուրաքանչյուրից է կախված՝ մեկ օր շուտ կլինի, թե մեկ օր ուշ կլինի, բայց այս ամենը, միևնույն է, իր նպաատակին հասնելու է, որովհետև սա այլևս միայն ՀՀ քաղաքացիների խնդիրը չէ, ամբողջ հայության խնդիրն է»։