10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար


10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ապրիլ 25 20:34 2024

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերում առկա է այս կամ այն օրենքի կոպիտ խախտում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարչապետի որոշումները և այն, թե տվյալ որոշումները ինչպես են մեկնաբանվում օրենքի տառի կողմից:

 

Եվ այսպես՝ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել՝ Տավուշի չորս գյուղերը թշնամուն հանձնելու նպատակով: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ 

 
 

Եվ ահա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

 

Հաջորդը՝  Տավուշի մարզից սահմանազատման և դրա հիման վրա փաստացի սահմանագծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացվել է ոչ միայն նման հարցերով միջազգային լավագույն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրավունքով արգելված՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգությունն անտեսելու պայմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով։  

 

Երրորդը՝ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղակայված են Հայաստանի զինված ուժերը, իսկ  2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած Սահմանադրության 205-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես  հանրաքվեի միջոցով։

Ըստ այդմ՝ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. Վերը նշվածը նշանակում է, որ իշխանությունը չի կարող ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի պահանջին հակառակ, առանց հանրաքվեի, տարածքի փոփոխության հարց լուծել»:

Եթե Հայաստանն իրապես լիներ ժողովրդավարական երկիր, որտեղ կգործեր անկախ իրավապահ համակարգ, ապա այդ համակարգն արդեն իսկ պետք է որոշակի եզրակացություններ աներ և գործեր: