Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանախագահները փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել. Փաշինյան


Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանախագահները փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել. Փաշինյան
Ապրիլ 23 00:00 2024

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանախագահները փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել։

 

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

 

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության։ Եվ ճիշտ է, այս հատվածում մենք տեղային հարցի շուրջ ենք պայմանավորվել, բայց այս տեղային հարցի շուրջ պայմանավորվածությունների իրագործման որակն ավելացնելու կամ նվազեցնելու է հավատը խաղաղության օրակարգի և խաղաղության հնարավորության նկատմամբ։

Ես հավատում եմ, որ ավելացնելու է հավատը խաղաղության նկատմամբ՝ և՛ Հայաստանի հանրության, և՛ Ադրբեջանի հանրության շրջանում, և՛ ի վերջո նաև վստահության որոշակի պաշար է կուտակելու։ Եկեք արձանագրենք, որ խորը անվստահություն կա: Նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին, որոնք փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել, որին խնամքով վերաբերվելու դեպքում դա կարող է զարգանալ, խնամքով չվերաբերվելու դեպքում կարող է փլուզվել։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը»,- ասել է նա։