Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակվել է նաև Օձուն-Ալավերդի հատվածում․ «Հայաքվեն» պայքարի կոչ է անում


Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակվել է նաև Օձուն-Ալավերդի հատվածում․ «Հայաքվեն» պայքարի կոչ է անում
Ապրիլ 22 15:24 2024

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակվել է նաև Օձուն-Ալավերդի հատվածում։ «Հայաքվե» նախաձեռության համարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ իրենք այդտեղ են՝ ի աջակցություն Տավուշի հայրենակիցների, որոնք այս պահին Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում փորձում են պաշտպանել  բոլորի հայրենիքը։

«Հայաստանում այս պահին իշխող ապօրինի վարչակարգը փորձում է աճուրդի հանել և հանձնել մեր բոլորի հողերը, ներառյալ նաև այնտեղ ապրող բնակիչների տները, անցնող միջպետական ճանապարհը։ Դա չի կարելի հանդուրժել, սա ի պաշտպանություն հայրենիքի արվող հնարավոր լավագույն ակցիան է։ Ուղղակի ճանապարհի վրա ենք մեր բողոքը հայտնում։ Այսօր անհնար է անտարբեր լինել»,-ասաց նա՝ կոչ անելով յուրաքանչյուրին ձև գտնել իրենց բողոքն արտահայտելու։

«Հիմա փակ է նաև Բավրայի ճանապարհը, գնացեք Բավրային միացեք, եթե Շիրակից եք, Երևանում դուրս եկեք փողոցներ, ցույց տվեք, որ դուք անտարբեր չեք, և չեն կարող հայրենիքը մաս-մաս բաժանել»,-ասաց նա։