Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը


Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Ապրիլ 19 11:00 2024

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը երկրի ներքին գործն է, Sputnik Արմենիային այս մասին ասել են ՀՀ ԱԳՆ-ից` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Ադրբեջանը հրաժարվել է ՀՀ Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղի մասով փոխելու պահանջներից։

«ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ամբողջությամբ ներպետական գործընթաց է»,-նշված է ԱԳՆ–ի պատասխանում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

Ներկայիս Սահմանադրության նախաբանում նշվում է, որ այն ընդունվել է Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ 1990 թվականին ընդունված հռչակագիրը որպես հիմնարար սկզբունք մատնանշում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերամիավորման մասին որոշումը: