Ի՞նչ են քննարկել հրատապ նիստում․ «Հրապարակ»


Ի՞նչ են քննարկել հրատապ նիստում․ «Հրապարակ»
Ապրիլ 10 08:58 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանական ընդդիմության հրավիրած հրատապ նիստին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, որն անցկացվեց դռնփակ ռեժիմով, ՔՊ-ականները դիմել են մանր ժուլիկության՝ փորձելով փրկել կառավարության  ներկայացուցիչ բանախոսներին` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. դռնփակ նիստի համար ԱԺ կանոնակարգ օրենքով 1.5 ժամ էր հատկացված, նիստի սկզբում, ըստ կարգի, նիստը նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց նախագիծը, որից հետո սկսվի հարցուպատասխանը, այնուհետեւ լսեն պատկան գերատեսչության ներկայացուցիչներին։

Ընդդիմության նախագծի զեկուցողն Արթուր Խաչատրյանն էր, ՔՊ-ականները նիստը սկսվելուն պես տասնյակներով գրանցվել են՝ ընդդիմադիր բանախոսին հարցեր տալու համար, հույս ունենալով, որ այդպիսով կսպառեն օրակարգը, եւ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն իշխանության դիրքորոշումը ներկայացնելու ժամանակ չեն ունենա։ Սակայն ընդդիմադիրներին վրդովվեցրել է սա, եւ պահանջել են ընդմիջման 30 րոպեն էլ օգտագործել, չնայած արագ հասկացել են, որ բանախոսները եկել են, որ Փաշինյանի հայտարարությունների ոգով ասեն՝ «եթե հող չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»։

Ի տարբերություն Մհեր Գրիգորյանի, որ սահմանազատման գործընթացը ներկայացնելիս լալահառաչ, ահաբեկող  հայտարարություններ չի արել՝ շեշտելով, որ բանակցություններ են ընթանում, Արարատ Միրզոյանը գրեթե պարզ տեքստով ասել է՝ Ադրբեջանին չպետք է մերժենք, չունենք մերժելու ռեսուրս, հակառակ դեպքում պատերազմ կլինի։

Նա շատ վատ տրամադրություն է ունեցել, խոսելիս ձայնը բարձրացրել է ընդդիմադիրների վրա, սակայն նրան հորդորել են տոնը փոխել, ինչին ի պատասխան ընդունել է, որ լարված է․ առանց այն էլ Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները չեն ստացվում, ընդդիմադիրների մեղադրանքներն էլ՝ մյուս կողմից»:

Ավելին՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։