Լավրովի հիշեցումը Փաշինյանին. ինչպես Արևմուտքը հանձնեց Արցախը


Լավրովի հիշեցումը Փաշինյանին. ինչպես Արևմուտքը հանձնեց Արցախը
Մարտ 26 13:34 2024

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում: «Известия»–ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն իր դիրքորոշմամբ գիտակցաբար կործանում է ՌԴ-ի հետ հարաբերությունները։ «ՀՀ ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,– ասել է Լավրովը։

 

 

Նրա խոսքով՝ Երևանի այս գործելաոճը դրսևորվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայություն իրականացնող ՌԴ զինծառայողներին ու առհասարակ ամբողջ ՀԱՊԿ-ն սևացնելով։  Բացի այդ, ըստ Լավրովի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: «Երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիք ճակատագրի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, այդ դուք եք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության», - հավելել է Լավրովը։

 

 

 

Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ): Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի սակայն՝ այդ Փաշինյանը չի ցանկացել ընդունել ՀԱՊԿ օգնությունն ու նախընտրել է Հայաստան հրավիրել ԵՄ դիտորդներին, որոնք հիշեցնենք, չունեն որևէ լծակ՝ ռազմական գործողությունները կանխելու, կամ առավել ևս՝ ՀՀ-ին օգնելու համար: Փաշինյանն ըստ էության իրական անվտանգային երաշխիքները փոխարինել է արևմուտքից հնչած ամորֆ խոստումներով, ինչի արդյունքում ադրբեջանական ագրեսիան ոչ միայն չզսպվեց, այլ նորանոր դրսևորումներ է ստանում:

 

Կարևոր է նաև Լավրովի երկրորդ դիտարկումը, առ այն, որ Արցախը Ադրբեջանին է հանձնվել ոչ թե ՌԴ, այլ Արևմուտքի հովանու ներքո, իսկ ռուսական կողմին, որը իրականացնում էր արցախահայերի անվտանգության պաշտպանությունը, փաստորեն փաստի առջև են կանգնեցրել, հետագայում՝ նրանց մեղադրելով Արցախի հայաթափման համար: Մինչդեռ՝ ինչ եղավ իրականում 2023 թվականի սեպտեմբերին: Արևմուտքն, օգտվելով այն վիճակից, որում հայտնվել էր Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, իրեն դիրքավորելով՝ որպես Ռուսաստանից ավելի արդյունավետ միջնորդ, աչք փակեց տեղի ունեցողի՝ մարդկանց հեռանալու փաստի վրա, որպեսզի ռուս խաղաղապահները հեռանան, հետո Ռուսաստանը հեռանա նաև Հայաստանից, ու ըստ Արևմուտքի՝ Անդրկովկասն ազատվի ռուսական ազդեցությունից։ Չմոռանանք նաև Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի հոդվածը, որտեղ բացահայտվեցին «խաղաղության», իրականում՝ նոր պատերազմի պայմանագրի 2՝ արևմտյան և ռուսական տարբերակների գոյությունը՝ հատուկ նշմամբ, որ ի տարբերություն ռուսականի՝ արևմտյանով Արցախը թղթով հանձնվում է Ադրբեջանին։ Համապատասխան արտահոսքեր եղան նաև հայկական մամուլում։ Ոչ ոք ոչինչ չհերքեց։

 

Մենք տեսնում ենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջ մղել հենց արևմտյան օրակարգը՝ անտեսելով ՀՀ անվտանգության առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, որոնց Արևմուտքը ոչ միայն չի ցանկանում, այլ նաև ի վիճակի չէ լուծումներ գտնել: