Փոխքաղաքապետը ոստիկանապետ է ուզում դառնալ. դեպքի վայր է շտապել. «Ժողովուրդ»


Փոխքաղաքապետը ոստիկանապետ է ուզում դառնալ. դեպքի վայր է շտապել. «Ժողովուրդ»
Մարտ 25 13:22 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արմեն Փամբուխչյանը, որ ցանկանում էր ՆԳ նախարար դառնալ, բայց չստացվեց, չի դադարում գնալ երազանքի հետևից:

Նա, շրջանցելով ոստիկանական արգելաժապավենները, դեպքի վայր հասավ, ինչը իրավապահների շրջանում քննարկման առիթ է դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահների շրջանակներից հայտնի դարձավ, որ մարտի 24-ին, երբ նռնակով զինված քաղաքացիների հարձակման դեպքը քննարկվել է պրոֆեսիոնալ տեսանկյունից, բոլոր կողմերը նկատել են, որ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և թաղապետերի մուտքը դեպքի վայր՝ արգելաժապավենները շրջանցելով, անօրինականություն է. սակայն որևէ գործողություն չեն ձեռնարկել:

Բացի դրանից, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր, որ նռնակով զինված քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում էր: Ոստիկանները շարունակ հեռացնում էին լրագրողներին նկարահանման տարածքից՝ մատնանշելով, թե անվտանգության նկատառումներով են դա անում: Սակայն Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները (Տիգրան Տեր-Մարգարյանը և Ռոմիկ Մխիթարյանը), ոչ միայն ժպտալով հայտնվեցին ահաբեկչության վայրում, այլև բարձրացրին ոստիկանության կողմից ամրացված արգելաժապավենները և ներս անցան. դրանք, սակայն, արգելք էին բոլորի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվել՝ շարունակում է իր պայքարը ՆԳ նախարարի պաշտոնի համար, և ա՞յդ պատճառով է դեպքի վայր գնացել, սակայն նրան գտնել չհաջողվեց: Պարզվեց, որ նա նախկին ընկերների, անգամ օգնականի հետ է կապերը խզել:

Զրուցեցինք «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ պարզելու, թե ինչու էին դեպքի վայր եկել:

«Ես վարչական շրջանի ղեկավարն եմ, կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է: Ես դիմեցի ոստիկաններին, ինձ թույլատրեցին, փոխքաղաքապետին՝ նույնպես: Մյուսներին, այդ թվում՝ լրագրողներին, չէին թույլատրում, քանի որ, կարծում եմ, սպասում էին հատուկ գործողության, ու ճիշտ չէր լինի՝ դա ուղիղ եթերով գնար: Մի քիչ տրամաբանական չէ, որ ոստիկանությունը կամ ուժային այլ կառույց հատուկ գործողություն անի, կամ վնասազերծում, դա հաճելի չի լինի ուղիղ եթեր դիտողներին»,-հայտարարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում