Հայտնի բլոգերը ղափաման պատրաստել է Սյունիք-Արցախյան տարազով. ադրբեջանցիները ագրեսիվ գրառումներ են արել


Հայտնի բլոգերը ղափաման պատրաստել է Սյունիք-Արցախյան տարազով. ադրբեջանցիները ագրեսիվ գրառումներ են արել
Փետրվար 27 22:58 2024

25-ամյա հայտնի ֆուդ-բլոգեր եւ շեֆ խոհարար Աբիր Էլ Սաղիրը, որն արաբական աշխարհում ամենաշատ հետևորդներ ունեցող ինֆլյուենսերներից է, Tik Tok-ում ունի ավելի քան 22 միլիոն հետեւորդ՝ 500 միլիոն դիտումներով, Ինստագրամում էլ՝ շուրջ 7 միլիոն, յուրօրինակ ձեւով ներկայացնում է իր խոհարարական տաղանդը՝ պատրաստելով տարբեր ազգերի ուտեստներ:

Դրանք նա ցուցադրում է տվյալ երկրի դրոշով, ազգային տարազով, երգ-երաժշտությամբ: Տեղական ԶԼՄ-ները Աբիրին որակել են արեւելյան Դիսնեյի գեղեցկուհի: Աբիրը նաեւ բարեգործությամբ է զբաղվում: Հայկական ղափաման պատրաստելիս եւ ներկայացնելիս Աբիրը կրում է հայկական տարազ, որը պատվիրել է Հայաստանից՝ DU dwell urban ընկերության առցանց խանութից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց հագուստը արտադրող ընկերության հիմնադիր Գոհար Ասատրյանը, իրենք հայկական զարդանախշերն օգտագործում են ժամանակակից հագուստի մեջ, որպեսզի ազգայինը ավելի հասանելի լինեն հանրությանը: «Ինքն (Աբիր Էլ Սաղիրը-Գ.Հ.) է գտել ինձ ու հագուստը պատվիրել, եւ չեմ էլ իմացել, որ հայտնի բլոգեր է, քանի որ երբեք չենք փորփրում հաճախորդների, պատվիրատուների կենսագրությունը:

Մոտեցումը եղել է նույն կերպ, ինչպես բոլորի դեպքում, եթե, օրինակ, ո՛չ բլոգեր պատվիրեր: Բարեխղճորեն աշխատել ենք ու պատահաբար ֆեյսբուքից ենք տեղեկացել, որ ինքը հայտնի մարդ է: Պատկերացրեք, որ որեւէ չափս չենք վերցրել, որեւէ այլ զրույց չի եղել, ինքը փոխանցումը կատարել է, ու գրել է, որ XS չափսի տարազ է պատվիրում: Դուք տեսաք, թե ինչ գեղեցիկ էր կրում հայկական ազգային տարազը: Շատ դրական հույզեր ունեցանք: Ամեն դեպքում պարտավորեցնող է, որ հագուստը, ազգային տարազը հայտնի մարդ է կրում ու ներկայացվում է աշխարհով մեկ»,-ասաց Գոհար Ասատրյանը։ Մեր զրուցակիցը հավելեց, որ տարազը Սյունիք-Արցախյան է, զարդանախշերը արցախյան գորգանախշից են՝ խաչկար ասեղնագործությամբ. «Դա շատ հաջողված հեղինակային աշխատանք է, որ մինչեւ Աբիրն էլ մեծ հետաքրքրություն էր առաջացրել»:

Նշենք, որ Աբիր Էլ Սաղիրի տեսանյութի տակ բազմաթիվ ադրբեջանցիներ ագրեսիվ, վիրավորական գրառումներ են արել հայերի հասցեին, նաեւ գրել, որ ղափաման ադրբեջանական ուտեստ է: