Ֆլորիդայում 13-ամյա աղջիկն ազատվել է իրեն կծած շնաձկից


Ֆլորիդայում 13-ամյա աղջիկն ազատվել է իրեն կծած շնաձկից
Մայիս 15 08:50 2023

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում 13-ամյա Էլլա Ռիդը կարողացել է ազատվել շնաձկից, որը մի քանի անգամ կծել է նրան։

Էլլան գտնվել է օվկիանոսում Հյուսիսային Հաթչինսոն կղզու մոտ, երբ նրա վրա մեկ մետրանոց շնաձուկ է հարձակվել, տեղեկացնում է WPTV-ն։

«Այն ուղիղ ինձ վրա եկավ ու սկզբում փորս կծեց, ես փորձեցի ձեռքով պաշտպանվել, բայց այն դիպավ մատիս, հետո ձեռքիս, հետո շրջվեց ու կծեց ոտքս»,- պատմել է նա։

Աղջիկը դուրս է վազել ջրից, և ընկերը նրան տուն է տարել։

Աղջկա մայրը՝ Դևին Ռիդը, պատմել է WPTV-ին, որ սկզբում մտածել է, թե հորինում են, բայց երբ հասկացել են, որ նրա վրա, իրոք, շնաձուկ է հարձակվել, տարել են հիվանդանոց, որտեղ նրա վրա կարեր են դրել։

Մայրը պատմել է, որ տպավորված է իր դստեր հանգստությամբ։

 

Էլլա Ռիդը հայտարարել է, որ այս փորձը չի խանգարի իրեն օվկիանոսում լողալու և մտադիր է կարերը հանելուց հետո ջուրը մտնել։