Հոկտեմբերի 27-ից հետո միակ մխիթարությունս եկեղեցում էի գտնում. Անահիտ Բախշյանի «Կյանքը մեկ օրում»


Հոկտեմբերի 27-ից հետո միակ մխիթարությունս եկեղեցում էի գտնում. Անահիտ Բախշյանի «Կյանքը մեկ օրում»
Դեկտեմբեր 11 18:58 2016

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն այս շաբաթ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն է:

-Տկն. Բախշյա՛ն, ո՞րն է եղել ամենակարևոր ու հիշարժան խորհուրդը, գուցե դասը, որ Ձեզ փոխանցել է Ձեր ամուսինը՝ Յուրի Բախշյանը:

-Պետք է ընտրեմ, որովհետև նա ինձ շատ-շատ խորհուրդներ է տվել: Առաջինը, որ ես լավ մանկավարժ կդառնամ: Ի վերջո ես լսեցի իրեն՝ չուզենալով, և ինքը իրավացի էր: Երբ դպրոցի տնօրեն նշանակվեցի, ինքը տվեց շատ-շատ կարևոր խորհուրդ, ասաց՝ քո աշակերտներին մի քիչ պակաս ֆիզիկա, մաթեմատիկա սովորեցրու, ոչինչ՝ թող պակաս գիտելիքներ ունենան, դա կվերականգնեն, բայց իրենց սովորեցրու քաղաքացի լինել: Ասացի՝ ինչպե՞ս, ասաց՝ տուր իրենց հնարավորություն իրենց պետությունը ստեղծելու, որտեղ իրենք ընտրեն, ընտրվեն, այդ ընտրության համար պայքարեն, ծրագիր գրել սովորեն, իրենց ասելիքը տեղ հասցնել սովորեն: Ասաց՝ դու շատ մի մտիր իրենց մտքերի մեջ. ուղղակի իրենց ասա՝ դուք ձեր պետությունը որոշեք՝ հիմնը, զինանշանը, օրհներգը: Թող իրենք իրենց սահմանադրությունը գրեն: Այդպես էլ արեցի. 1999 թ. փետրվարին նշանակվեցի տնօրեն, սեպտեմբերին այդ գործընթացը դպրոցում սկսեցինք: Տուփ դրեցինք առաջին հարկում, 15 օր այդ տուփը մնաց, որից հետո բացեցինք: Երեխեքը մեկը մեկից հետաքրքիր բաներ էին առաջարկել: Այդ թվականից քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, պետություն և իրավունք առարկաները ընտրովի էին, մենք ընտրեցինք, ունեցանք մի հրաշալի ուսուցչուհի և իրեն ասված էր, որ դասարանում սովորածը պետք է կիրառվի պետության մեջ:

Երեխաների համար դա եղավ շատ-շատ լուրջ փորձություն, և ես տեսնում էի, թե իրենք ինչքան սիրում են իրենց այդ կյանքը՝ իրենք այդ պետության մեջ քաղաքացի էին, որոշումները իրենք էին կայացնում, օրենքները իրենք էին գրում: Պետության անունը դրեցին «Տիր»: Իրենք որոշեցին, որ իրենց պետությունը նախագահական կառավարում պիտի ունենա, հետևաբար պետք է լինի նախագահ, կառավարություն: Ըստ իրենց սահմանդրության՝ բոլոր պաշտոնները ընտրովի էին, ոչ մի նշանակովի պաշտոն չկար: Կային նախարարներ, պատգամավորներ: Երեխաները մասնակցում էին մանկավարժական խորհրդի նիստերին, ինչը շատ մեծ խանդ առաջացրեց ուսուցիչների մոտ: Հետո ես բացատրեցի, որ դպրոցը աշակերտների համար է, իրենք էլ այդ ծառայությունը մատուցողներն են, լավ կմատուցեն, կսիրվեն, ոչ՝ չեն սիրվի: Բացատրեցի, որ ինչքան նրանք համագործակցեն երեխաների հետ, այնքան իրենց հեղինակությունը կբարձրանա, իրենց կգնահատեն ու կսիրեն: Երկու-երեք տարի հետո ուսուցիչներն էլ շատ սիրեցին այդ ծրագիրը, աստիճանաբար վերացավ ուսուցիչ-աշակերտ տարբերությունը, նրանք դարձան համագործակցողներ, իրար լսողներ, օգնողներ: Կրթության որակը տեսանելի բարձրացավ. 2007թ.-ին , երբ արդեն մանկավարժական վերջին խորհուրդն արեցի, դպրոցի կրթության որակը 49,5% էր: Մինչև հիմա երազում եմ այդ օրերը նորից ապրել դպրոցում: Սա Յուրայի պատգամն էր:

-Եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք:

-Եթե այստեղից հետ գնամ, ապա թույլ չէի տա, որ Յուրան մտնի քաղաքականության մեջ: Չնայած, դա գործնականում անհնար էր, բայց ամեն ինչ կտայի, որ Յուրան հիմա կողքիս լիներ: Մնացածը… երկուսս էլ արարող մարդիկ էինք, մտածող մարդիկ էինք, ճիշտ ապրելու ձևը չէինք կորցնի երբեք, միայն իրար հետ… Քանի որ դա հնարավոր չէ, չեմ էլ ուզում մտածել դրա մասին:

-Իսկ ինչպե՞ս ինքներդ կայացրիք քաղաքականություն մտնելու որոշումը և ինչո՞ւ ընտրեցիք հենց «Ժառանգությունը»:

-1999թ.-ի ահաբեկչությունը իմ կյանքը երկու մասի բաժանեց՝ մինչև 1999թ. հոկտեմբերի 27 և դրանից հետո: Մինչև այդ իրադարձությունը ես մանակավարժ էի, կին, ընտանիքի մայր և, իհարկե, սիրում էի իմ երկիրը: Այն ժամանակ ծառայում էի որպես մանավարժ, ուրիշ բանի մասին չէի մտածում, բայց այդ ահավոր իրադարձությունը այնքան փոթորկոտ հարցեր բարձրացրեց իմ մեջ, որ դրանց պատասխանը գտնելու համար ես պատրաստ էի ամեն քայլի՝ հասկանալու, թե ինչ եղավ, ինչպես կարող էր ԱԺ մտնել այդ խումբը և օրը ցերեկով ութ մարդ սպանել, գլխատել պետությունը: Երբ դատավարությունը սկսվեց, ես հույս ունեի այդ ընթացքում ինչ-որ բան հասկանալ, բայց այդ դատավարությունը ինձ մի բան ասաց, որ ես այդտեղ ոչինչ չեմ հասկանալու: Դա արվում էր ամեն ինչ կոծկելու համար: Բնականաբար, այդ ընթացքում ես շատ մարդկանց հետ եմ հանդիպել՝ ովքեր ինձ ուզում էին տեսնել, ովքեր՝ ոչ, բայց ստիպված էին, քանի որ դուռը ծեծել եմ, բացել ու ասել՝ դուք պիտի ինձ լսեք: Մտածեցի, որ գուցե քաղաքականության մեջ մտնելը ինչ-որ հարցերի կպատասխանի՝ այն առումով, որ ես կհասկանամ՝ ինչ է կատարվում այս քաղաքականության մեջ, ինչ է իրենից ներկայացնում այդ քաղականությունը, որ այդպիսի թանկ գին է պահանջում:

Դպրոցում տնօրեն եղած ժամանակ ես համագործակցում էի Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հետ, «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ շատ ջերմ, սերտորեն համագործակցել ենք քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում: Շատ մտերմացա Արմինե Հովհաննիսյանի հետ: Այդ ժամանակ Րաֆֆին քաղաքացիություն ստանալու կռիվն էր տալիս, մարդը ՝ եղել էր ՀՀ ԱԳՆ, բայց քաղաքացիություն չուներ: Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ մինչև նախագահական ընտրություններից առաջ չտվեց քաղաքացիություն, որպեսզի Րաֆֆին թեկնածություն չկարողանա դնել, բաց Րաֆֆին արդեն քաղաքական գործունեություն սկսել էր, ու ինձ համար այն կերպարն էր, որի մեջ ես տեսնում էի Հայաստանի ապագան: Եվ ես, իհարկե, դեպի Րաֆֆիի կերպարը գնալով, դարձա «Ժառանգություն » կուսակցության անդամ, առաջին անդամներից մեկն եմ եղել ու այդպես փաստորեն 13 տարի է արդեն:

-Կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:

-Ամեն ինչ պարտադիր է՝ և՛ կրթության խնդիրներով զբաղվելը, և՛ Երևանի ավագանու պարտականությունները կատարելը, և՛ նամակներին պատասխանելը, ուսուցիչների վերապատրաստումներն իրականացնելը: Չկա մի ժամ, որից հետո ես այլևս չեմ աշխատում:

-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները: Ո՞րն է այժմ ամենակարևոր նպատակը, որն իրականացնելուց հետո խորը շունչ կքաշեք:

-Ես չգիտեմ՝ խորը շունչ կքաշեմ, թե՞ չէ երբևիցե՝ մինչև մեռնելս, բայց այն տեսլականը, որ կա իմ մեջ` իմ երկրի հետ է կապված: Ես ուզում եմ արժանապատիվ պետություն ունենալ, ուզում եմ իմ պետության հեղիանակության թռիչքը տեսնել, ուզում եմ իմ ժողովրդի արժանապատիվ ապրելը տեսնել: Մենք սնապարծ պահերին այնքան սիրում ենք մեզ վերագրել բանաստեղծական բոլոր տողերով ասված բարեմասնություններ: Իհարկե, ես երբեք հակված չեմ, որ մենք բացառիկ ժողովուրդ ենք, մենք մոլորակի վրա ժողովուրդներից մեկն ենք, որը ինչ-որ հրաշքով, գոյատևում է «Նոյի թվից»՝ ինչպես ասում են: Այդտեղ շատ լուրջ դեր են կատարել և՛ մեր լավ գծերը և՛ մեր վատ գծերը: Դերենիկ Դեմիճյանի «Հայը», իմ կարծիքով, հայի լավագույն սահմանումն է: Այստեղ հայ տեսակը իր բոլոր լավ ու վատ ծայրահեղություններով Դեմիրճյանը նկարագրում է, ու այստեղից ես մի եզրակացություն եմ անում, որ Աստված մեզ ստեղծել է շատ հեռահար նպատակով, մեր մեջ դրել է ծայրահեղություններ և աշխարհին ցույց է տալիս որ ազգն իր ծայրահեղություններով կարող է դիմակայել: Դրանք օգնել են, որ մենք վերապրենք մեր գլխով անցած բոլոր փորձությունները ու այսօր հասնենք մի դարաշրջանի, երբ աշխարհը պարզապես մոլագար է դարձել՝ չարությունն ու դաժանությունը ամեն ինչ սկսել են կառավարել: Եվ այս պայամաններում արժանապատիվ ապրելը, իհարկե, կարծում եմ՝ շատ դժվար է, բայց ոչ մեկից պակաս չենք, որ չապրենք:

 

-Երբևէ Ձեր որևէ ընտրության, որոշման, քայլի համար զղջացե՞լ եք:

-Ճիշտն ասած՝ ո՛չ: Չունեմ այդպիսի ընտրություն, որի համար զղջամ: Որպես մանկավարժ՝ միշտ իմ աշակերտների մեջ փորձել եմ դնել ամենակարևորը՝ ընտրելու կարողությունը: Երբ ես ընտրություն եմ կատարում, դա լինում է համապատասխան չափորոշիչներով: Ես երբեք սրտով, զգացմունքներով չեմ առաջնորդվում: Կարևորում եմ այն ընտրությունը, որը ուղեղն է անում, իսկ ուղեղը զգացմունքներն էլ է հաշվի առնում: Սիրտը միայն զգացմունքներն է հաշվի առնում, ուղեղը՝ նաև զգացմունքները: Մարդ ունի բարոյական մաղ՝ ցանց, որը ամեն ինչ չէ, որ թույլ է տալիս քո միջով անցնի, կան բաներ, որոնք հետ է շպրտում: Այն, ինչ հետ է շպրտում, ուրեմն քոնը չէ, ինչ ընդունում է, ուրեմն դրանով առաջ ես գնում: Եվ այդ սկզբունքով արած ընտրություններում չեմ սխալվել: Առաջինը եղել է, իհարկե, մասնագիտության ընտրությունը՝ ես իմացել եմ, թե ուր եմ գնում; Հետո իմ կյանքում եղել է կյանքի ընկերոջ ընտրությունը, որը ես եմ արել՝ ես եմ առաջարկություն արել իմ ամուսնուն:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր ընտանիքի անդամները, թոռնիկները,ի՞նչ հետաքրքրություններ ունեն:

-Երեք աղջիկ ունեմ, երեքն էլ ամուսնացած են: Մեծ աղջիկս ապրում է Հոլանդիայում, հայ տղայի հետ է ամուսնացել : Միջնեկ աղջիկս մանկավարժ է, շատ սիրված ու գնահատված է իր աշակերտների կողմից: Փոքր աղջիկս մարկետոլոգ է: Մեծ թոռս 20 տարեկան է, սովորում է Ֆրանսիական համալսարանում: Շատ հետաքրքիր անձնավորություն է ՝ վերլուծող, հետաքրքիր աղջիկ է: Դժվար է լինելու իր հետ, իր համար էլ, քանի որ բավականին շուտ է հասունացել մտքով; Երազանքներ ունի, որոնցից ես էլ եմ վախենում:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Շնորհակալ եմ ամեն օրվա, ամեն ինչի համար, ինչ Աստված ինձ տվել է: Ինչ առաքելություն, որ դրել է իմ մեջ Աստված, ես դրա համար շնորհակալ եմ: Պետք չէ, որ մարդ իր ապրած կյանքում սկսի փնտրել և որակումներ տալ իր կյանքի տարբեր դրվագներին, որովհետև ամեն մի դրվագը, որ քո կյանքում ունեցել ես՝ հաջողություն, անհաջողություն, տխրություն, երջանկություն, դրանք բոլորը եկել են քեզ ձևավորելու, կայացնելու, կոփելու: Յուրաքանչյուր փորձություն մարդու որակը լավացնում է: Հոկտեմբերի 27-ից հետո, երբ ես ավելի կառչեցի Աստծուն, միակ մխիթարությունս եկեղեցում էի գտնում: Ամեն կիրակի գնում էի և անվերջ լաց էի լինում և դա ինձ մաքրում էր ու ինքս ինձ համար իմ մեջ նոր եզրեր էր բացահայտում, որոնք ինձ սովորեցնում էին ապրել այդ կարգավիճակում: Մարդը սովորում է ամեն բանի. մինչև այդ օրը դու ունեիր ամուսին, որի վրա հենվել էիր, որին սիրում էիր, որի կողմից անսահման գնահատված էիր ու հանկարծ քո կեսը չկա մի օրում՝ չկա, ֆիզիակապես, չկա: Այդ մտքի հետ չես հաշտվում,ուղղակի սովորում ես երևակայական ամբողջություն պահել, իսկ դա սովորում ես, երբ շնորհկալ ես լինում ամեն ինչիի համար: Ես շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար՝ իմ ընտանիքի համար, իմ զավակների, իմ փեսաների: Ես 7 թոռ ունեմ արդեն, որոնք իմ հարստությունն են: Իմ ժողովրդին ծառայելու միտքն է ինձ ապրեցնում նաև: Ուզում եմ մինչև վերջին կաթիլ կարողությունս ծառայեմ իմ ժողովրդին:

-Ձեր և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բանավեճերը մշտապես ուշադրության կենտրոնում են, հետաքրքիր է, ի՞նչ հարաբերություններ ունեք գործից դուրս: Կա՞ն դրանք:

-Այո՛, կան: Հատկապես այն պահերին, երբ մեր բանավեճերը սրվում են, ես մի բան եմ միայն մտածում, որ Տարոն Մարգարյանը իմ ամուսնու շատ մոտ ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի տղան է: Անդրանիկի հետ մենք բավական մտերիմ ենք եղել ընտանիքներով, և որպեսզի այդ միտքը ինձ վրա գերակա չլինի, ես ինքս ինձ համար ասում եմ՝ ոչ մի կապ չունի դա, այս պահին այս խնդիրը պետք է բարձրաձայնեմ մինչև վերջ: Ճիշտն ասած՝ նույն կերպ ինքն է ընդունում: Նույնիսկ այս մեր վերջին բավական աղմկահարույց դեպքից հետո մենք հանդիպել ենք, ինքը ուզեց, որ մենք հանդիպենք և մենք նորից իրար ասացինք, որ դա կապ չունի, մենք պարտավոր ենք երևույթները իրենց անունով կոչել, բայց մենք համենայնդեպս երբեք թշնամի չենք: Մարդկային սկբունքները երբեք չեմ ստորադասելու որևէ բանից: Ընդ որում, այդ դեպքում նույնպես ես գիտեմ՝ ինչու Տարոն Մարգարյանն այդպես վատ ընդունեց: Եվ ինքը գիտի, թե ես ինչու եմ սևեռվել այդ հարցի վրա, որովհետև այդտեղ ոչ ճիշտ բան կա և ինքը ընդամենը չէր ուզում, որ ես այդ ոչ ճիշտ բանը մատնացույց անեի: Ինչպես ասում են՝ «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Բայց քաղաքապետարանի պատերից դուրս մենք նույնիսկ ջերմորեն ենք իրար ողջունում: Իր մեջ շատ մարդկային բաներ կան, որ ես գնահատում եմ, բայց մի բան կա, որ ես չեմ սիրում: Չեմ սիրում, որ ինքը չի կարող բարձրաձայն խոստովանել իր սխալը:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը…կազմված է եղել տարբեր այնպիսի ժամակահատվածներից, որոնցից յուրաքանչյուրը մեծ համալսարան է եղել ինձ համար՝ լուրջ, խորը : Ամեն մի ժամանակահատված սովորաբար հաջորդի համար թռիչքի նոր թևեր է տվել: Երբ ես միշտ հետադարձ հայացք եմ նետել, տեսել եմ , որ ես այսօր այլ երկարության թևերով կարող եմ թռչել և իրավունք ունեմ այդ թևերը ինձանից պահանջել ու բացել: Ու ես բացում եմ այդ թևերը: Ամեն ժամանակահատվածի համար թռիչքուղին տարբեր է :

Մի օր ես…կմեռնեմ:

Կյանքը մեկ օրում…երբ փորձում ես երևակայել կյանքդ մեկ օրում, ապա տեսնում ես՝ ինչպես եկար աշխարհ, ինչպես կայացար, ինչ համ ու հոտ լցվեց մեջդ, ինչ կերպ նկարագիրդ ամրացավ, ինչ պտուտակներ մտան մեջդ, ինչ սյուներ մեջդ ավելացան ու հետո մեկ օրվա մեջ դարձար մարդ: Մարդ մնացիր:

Տարիների ընթացքում…սովորեցի սիրել, նվիրվել, սիրվել, ծառայել, ապրել և, ի վերջո, գրեցի իմ սահմանադրությունը: Գիրք եմ գրել, երբ լրացավ պատգամավորական ժամկետը, այդ գիրքը նվիրեցի Յուրայի ծննդյան 65 ամյակին: Իմ սահմանադրության ամենակարևոր կետը սա է՝ «Հարձակվում եմ անկեղծորեն, պաշտպանվում եմ անկեղծությամբ: Սուրս անկեղծությունն է, վահանը՝ անկեղծությունն է»: Նույնիսկ իմ քաղաքական և ոչ միայն քաղաքական հակառակորդները այդ անկեղծությունը գնահատում են. որքան էլ ինձ չսիրեն, չընդունեն, բայց անկեղծությունը գնահատում են և գոնե չեն կարող ինձ առերես, անթաքույց զզվանք թույլ տալ՝չնայած ներքուստ զզվում են:

Իմ օրերի մեջ…անսահման չափերի սեր կա:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի

 

 

 



loading...