ԿԳՆ-ն առաջարկել է որոշակի ուղղություններ ներառել Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում


ԿԳՆ-ն առաջարկել է որոշակի ուղղություններ ներառել Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում
Հունիս 19 18:04 2017

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, փորձագետ Օնի Լուսկ-Սթոուվերը, ԿԳՆ ՀԲ երեւանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող եւ առաջիկայում նախատեսված ծրագրերը, որոնք նպատակ ունեն աջակցել բարձրագույն, միջին մասնագիտական եւ հանրակրթության ոլորտի բարեփոխումներին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետեւողական աջակցության համար՝ նշելով, որ կրթության բարեփոխումների շարունակականության եւ արդյունավետության տեսանկյունից առանձնացվել են որոշակի ուղղություններ, որոնք առաջարկվում է ներառել Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:

ԿԳ նախարարը ՀԲ ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունությանը, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծմանը եւ այլ խնդիրների առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային եւ կազմակերպչական տարբեր խնդիրների: