40% զեղչ՝ 15սմ-անոց բարձրակրունկներ կրելու դեպքում

40% զեղչ՝ 15սմ-անոց բարձրակրունկներ կրելու դեպքում
Հունիս 19 14:46 2017

Ճապոնիայի Օսակա քաղաքում գտնվող Հիլթոն հյուրանոցի բարում կանանց սպասարկման նոր քաղաքականություն է մտցրվել։ Հունիսի 15-ից սկսած ամեն հինգշաբթի կանայք կարող են ստանալ զեղչ՝ ըստ իրենց կոշիկների կրունկների բարձրության։

Ստացվում է՝ որքան բարձր է կոշիկի կրունկը, այնքան մեծ է նաև զեղչը։

Երեկոյան ժամը 6-ից մինչև ժամը 11։30-ը խմիչքների համար կանայք կարող են ստանալ մինչև անգամ 40% զեղչ։

Ըստ նոր քաղաքականության, եթե կոշիկի կրունկն ունի 5սմ-ից մինչև 7սմ բարձրություն, ապա այն կրող կինը կարող է ստանալ 10% զեղչ։ Զեղչի չափը համապատասխանաբար բարձրանում է՝ հասնելով մինչև 40%-ի՝ 15սմ բարձրությամբ բարձրակրունկ կոշիկ կրելու դեպքում։

Բայց պարզվում է, որ Հիլթոն հյուրանոցի բարն առաջինը չէ, որ նման ակցիա է անում։ Twitter-ի օգտատերերը բացահայտել են շատ այլ սրճարաններ, որոնք կանանց համար նույն քաղաքականությունն են ընդունել։

Որքան էլ սա գրավիչ առաջարկ է թվում, շատերը, այդ թվում՝ տղամարդիկ ու այն կանայք, ովքեր չեն սիրում բարձրակրունկներ կրել, բացասական կարծիք են արտահայտել։

Օրինակ՝ թվիթերյան մի օգտատեր հեգնանքով գրել էր․ «Իսկ որքա՞ն զեղչ է սահմանված դեֆորմացված ոտքեր ու կրունկներ ունենալու համար»(նկատի ունենալով այն, որ բարձրակրունկ կոշիկները բացասական ազդեցություն են ունենում կրունկների ու ոտքերի առողջության վրա)։ Մեկ այլ օգտատեր էլ գրել էր․ «Ինձ հետաքրքրում է, թե արդյոք տղամարդիկ նո՞ւյնպես կարող են բարձրակրունկ կոշիկներով գալ և զեղչ ստանալ։ Կամ ի՞նչ կլինի, եթե սպորտային կոշիկներով գամ, մուտքի մոտ փոխեմ դրանք և հագնեմ բարձրակրունկեր, ապա՝ զեղչ ստանալուց հետո, կրկին փոխեմ և հագնեմ սպորտային կոշիկներ»։

Հետագա քննարկումներից հետո հրապարակվեց նաև մի լուսանկար, որին նայելով կարելի է հասկանալ, որ մի սրճանան էլ անգամ 50% զեղչ է առաջարկում, սակայն միայն 22-23սմ(9 դյույմ) բարձրությամբ կրունկավոր կոշիկ կրելու դեպքում։