Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»


Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
Հունիս 19 10:40 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, «Ոսկե գնդակի» դափնեկիր, հաղորդում է Sky Sports-ը:

Անգլիական ակումբը եւ թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւս ցանկանում են պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» սպասում է Արքայական ակումբի դիրքորոշման հստակեցմանը: Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» Ռոնալդուի համար կպահանջի 400 միլիոն եվրո, ինչը գործնականում նշանակում է թույլ չտալ ֆուտբոլիստին հեռանալ, քանի որ որեւէ ակումբ այժմ 200 միլիոն եվրոյից ավելի չի վճարի որեւէ խաղացողի համար:

Նման շռայլություն կարող են թույլ տալ մի քանի ակումբներ՝ ֆրանսիական ՊՍԺ-ն, չինական կապիտալի վերահսկողության տակ անցած «Միլանը» եւ չինական Սուպերլիգայի որոշ ներկայացուցիչներ:

Եվրոպական մամուլի որոշ մեկնաբաններ էլ կարծում են, որ այս աղմուկը «Ռեալն» ու Ռոնալդուն դիտավորյալ են նախաձեռնել, որպեսզի ճնշում գործադրեն Իսպանիայի դատախազության վրա, որը ֆուտբոլիստին մեղադրում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Ռոնալդուն չի ցանկանում հայտնվել դատարանում: