«Երկիր Ծիրանին» իր 2 անդամի առաջարկել է հրաժարվել ավագանու լիազորություններից՝ «երևանցիների շահերին դավաճանելու» պատճառով


«Երկիր Ծիրանին» իր 2 անդամի առաջարկել է հրաժարվել ավագանու լիազորություններից՝ «երևանցիների շահերին դավաճանելու» պատճառով
Հունիս 18 19:10 2017

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը, ովքեր դեռևս 07.06.2017 թվականին կուսակցության գործադիր մարմնի առջև ստանձնել էին պարտականություն` Երևանի ավագանիում հավատարիմ լինել «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրով ամրագրված դրույթներին, իրենց գործունեությամբ, վարքով և կայացրած որոշումներով շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքերից և գաղափարախոսությունից, չեն կատարել իրենց առջև դրված պարտականությունները, որը դավաճանություն է երևանցիների շահերի, խմբակցության անդամների, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ:

Այս մասին ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայության հայտարարության մեջ։

«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից գիտակցված կերպով կուսակցության գծից շեղվելու, իրենց պարտականությունները չկատարելու, թիմային աշխատանքները խաթարելու և կուսակցությանն ու երևանցիներին դավաճանելու կապակցությամբ 17.06.2017 թվականին հրավիրվել է կուսակցության գործադիր մարմնի, քաղաքական հանձնաժողովի, կանանց խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ:

Նիստի ընթացքում իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ ժողովի մասնակիցները պահանջել են Հայկ Պետրոսյանից և Մնացական Պարակշիևից տրամադրել պատշաճ պատասխան իրենց վստահված և իրենց կողմից հանձն առնված պարտականությունները չկատարելու վերաբերյալ:

Նրանց տեսակետները լսելուց հետո ընդլայնված նիստը՝ կուսակցության գերագույն մարմինը, քաղաքական հանձնաժողովը, ինչպես նաև կանանց խորհուրդը, արձանագրել է դրանց ոչ արժանահավատ լինելը և որոշել է անվստահություն հայտնել Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը: Ելնելով վերոգրյալից` «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին առաջարկվում է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երևանցիների կողմից տրված ձայների հիմքով Երևանի ավագանու լիազորություններից»,-ասվում է հայտարարությունում։

 



loading...